Նախատեսվում է 2023-ից սկսած փուլային սցենարով Հայաստանում ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: Հայտարարագրերը ներկայացվելու են տարեկան պարբերականությամբ:
Նախատեսվում է, որ հայտարարագրերի նախագծերը պատրաստվելու են ՊԵԿ-ի կողմից՝ նրա տրամադրության տակ եղած տեղեկատվության հիման վրա: Դրանք հայտարարատուի կողմից այնուհետև կարող են խմբագրվել, ճշգրտվել, լրացվել և արդեն ներկայացվել հարկային մարմնին՝ որպես հայտարարատուի կողմից հաստատված տարբերակ: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ խորհրդարանում ներկայացնելով Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրում նախատեսող՝ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Ինչպես տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից, մասնագիտական փորձագիտական հանրույթի հետ քննարկումն այսօր հրավիրել էր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը՝ հաշվի առնելով հարցի հետ կապված հանրային հետաքրքրությունը: Հանձնաժողովի փոխնախագահը նշել է, որ նախաձեռնությունը նախատեսվում է ընդունել մինչև տարեվերջ: Մինչ ԱԺ լիագումար նիստում քննարկումը՝ կանցկացվեն նաև խորհրդարանական լսումներ:
Ֆինանսների փոխնախարարը նաև հայտնել է, որ առաջին փուլում հայտարարագիր ներկայացնողներ կլինեն այն անձինք, որոնք «Հանրային ծառայության մասին» օրենքի տրամաբանությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով արդեն ներկայացնում են հայտարարագրեր: Առաջին փուլով հայտարարատու կլինեն նաև ձեռնարկատիրական միավորների հետ որևէ կերպով կապակցված անձինք: Խոսքն այն ֆիզիկական անձանց մասին է, որոնք մասնակից կամ բաժնետեր են մի ընկերությունում, որը հայտարարագրման տարվա համար ունեցել է 1 մլրդ դրամ և ավելի իրացման շրջանառություն կամ 20 մլն դրամ կամ ավելի ծավալով փոխառություն է ստացել ռեզիդենտ առևտրային կազմակերպությունից, կամ համարվում է իրական շահառու որևէ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունում:
Երկրորդ փուլում հայտարարատու կլինեն այն անձինք, որոնք քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքներ են կատարում կամ ծառայություններ են մատուցում, սակայն ներգրավված չեն առաջին խմբում և անձինք, որոնք համարվում են վարձու աշխատողներ և ներառված չեն եղել առաջին փուլում: Երրորդ՝ վերջին տարում, հայտարարատու կդառնան մնացյալ ռեզիդենտ քաղաքացիները: Երրորդ փուլով հայտարարատուների շրջանակն ընդլայնելու այս որոշումը դեռևս Կառավարության վերջնական առաջարկը չէ: Փոխնախարարի խոսքով գուցե որոշում կլինի, ըստ որի՝ անչափահաս անձինք այս երեք տարիների ընթացքում չեն լինի հայտարարագիր ներկայացնողներ: Քննարկման ենթակա է նաև թոշակառուների՝ հայտարարագիր ներկայացնելու հարցը:
Համակարգի ներդրման երեք նպատակ կա: Նպատակներից առաջինը ֆիզիկական անձանց անձնավորված հաշվառման համապարփակ տվյալների բազայի ստեղծումն է: Երկրորդը սոցիալական բաղադրիչի ամրագրումն է՝ որպես նաև մարդկային կապիտալում կատարվող ներդրումների խրախուսման քաղաքականություն: Երրորդը հարկերի վճարման մշակույթի ներդրումն ու ամրապնդումն է:
Հայտարարագրերը սահմանված ժամկետում չներկայացնելու կամ ոչ լիարժեք ներկայացնելու համար նախատեսված կլինի պատասխանատվություն: «Սա իրավունքի նորմ է. երբ պարտականություն է սահմանվում, պետք է նաև համարժեք պատասխանատվություն լինի, հակառակ դեպքում մենք հայտարարած կլինենք, որ կարգապահության վրա բավարար ուշադրություն չենք դարձրել: Երկրորդ՝ գուցե նաև հնարավոր չլինի հասնել մեր նպատակներին: Պատասխանատվության շրջանակը, որը նկարագրված է նախագծում, քննարկման ենթակա է, ամեն դրվագ քննարկման ենթակա է»,-ասել է փոխնախարարը:
Քննարկման մասնակիցների մի մասը ողջունել, իսկ մի մասն էլ քննադատաբար է վերաբերվել Կառավարության նախաձեռնությանը: Նշվել է, որ օրենքի նախագծի շատ դրույթներ գրված են անհասկանալի և «խուճուճ» ձևակերպումներով՝ այնպես, որ մարդը չի կարող հասկանալ՝ այդ դրույթն իրեն վերաբերվո՞ւմ է, թե՞՝ ոչ: Անհասկանալի է նաև համակարգի ներդրման վերջնական նպատակը: Ըստ քննարկման մասնակիցների՝ նպատակը պետք է ձևակերպված լինի շատ հստակ, այնինչ ներկայացված նախագծում նպատակների և բովանդակության խզում կա: Փորձագետներից ոմանց համար անհասկանալի էր նաև, թե հայտարարագրման առաջարկվող համակարգը եկամուտների՞, գույք՞, թե՞ ընդհանրապես ունեցվածքի հայտարարագրմանն է վերաբերում: Անընդունելի է համարվել նաև այն դրույթը, որը վերաբերում էր եկամտահարկի վերադարձից օգտվող քաղաքացիներին: Նախագծում առկա է դրույթ, ըստ որի՝ եթե քաղաքացին չի ներկայացրել հայտարարագիր, ապա նրանից կարող է գանձվել ստացած եկամտահարկը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը պարզաբանել է. «Ընդունում եմ, որ պատասխանատվության մասով էլ քննարկելու կարիք կա: Եկամտահարկի վերադարձի մասով էլ միգուցե խիստ է, միգուցե արժե մեղմացնել կամ քննարկել: Ուղղակի տրամաբանությունը հետևյալն է՝ եթե քաղաքացին պետությունից որևէ բան է ստանում, այս դեպքում՝ թեկուզ իր վճարած հարկի վերադարձը, ուրեմն ինքը պետք է պետության հետ էլ ավելի թափանցիկ աշխատի»:
Քննարկման մի մասն անցկացվել է փակ ձևաչափով: