ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը Լիտվայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում նոյեմբերի 24-ին հանդիպել է Լիտվայի գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեի հետ և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցել է նաև Լիտվայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Իգիթյանը:
Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալն ու Լիտվայի գլխավոր դատախազը քննարկել են մի շարք ուղղություններով երկու երկրների դատախազների շարունակական կրթությանն ու բարեվարքության ամրապնդմանը միտված համատեղ դասընթացների և միջոցառումների անցկացման հեռանկարները:
Անահիտ Մանասյանը լիտվացի գործընկերոջ հետ զրույցում նշել է, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը ձեռնամուխ է եղել կառույցի զարգացման ռազմավարության մշակմանն ու դատախազության «Օրինականություն» գիտագործնական և ուսումնամեթոդական հանդեսի՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացին՝ այդ հարցում կարևորելով Լիտվայի լավագույն փորձի ուսումնասիրության ու դրա արդյունավետ կիրարկման անհրաժեշտությունը, այդ թվում նաև՝ փոխայցերի միջոցով:
Անդրադարձ է կատարվել նաև դատախազություն-ԶԼՄ-ներ, դատախազություն-հանրություն հաղորդակցության խնդիրներին և այդ ուղղությամբ համագործակցության հնարավորություններին: Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են սերտ համագործակցության ուղղությամբ անհրաժեշտ ջանքեր գործադրելու պատրաստակամությունը: