2023-ից ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգն աստիճանաբար ներդնելու նպատակով ԱԺ-ն համապատասխան օրենսդրական փոփոխությունները կկատարի մինչև տարեվերջ: Փաթեթն արդեն գործադիրից օրենսդիր է հասել, առաջին ընթերցմամբ լիագումար կմտնի դեկտեմբերի սկզբին՝ փորձագետների հետ քննարկմանը տեղեկացրեց գլխադասային՝ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահը: Բաբկեն Թունյանը բաց քննարկում առաջարկեց, առաջին հարցերը հնչեցին՝ արդյոք թղթին գրվածն իրականության մեջ աշխատելո՞ւ է, համակարգը պատրա՞ստ է՝ հետաքրքրվեցին ներկաները:
Սամսոն Գրիգորյան («ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահ) - Շահառուներն արդեն միլիոնավոր են լինելու, մանր բիզնեսի պես 60 հազար ընդամենը շահառու չի լինելու, որքանո՞վ է պետությունը պատրաստ էս գործիքակազմը ներդնելու հետո, որ սա աշխատի:
Բաբկեն Թունյան (ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ) - Ինչ-որ բան անելուց առաջ պետք է համոզված լինենք, որ համակարգը դրան պատրաստ ա: Էս դեպքում նաև դրանով է պայմանավորված, որ միանգամից համակարգ բոլորի համար չի ներդրվելու, այսինքն՝ առաջին փուլում դա բավականին սահմանափակ մարդկանց շրջանակ է ընդգրկում, բայց, իհարկե, մինչև օրենքը քվեարկելը մենք պետք է այս հարցի պատասխանը միանշանակ ստանանք, որ հետագայում չբախվենք էն իրավիճակին, որին բախվել ենք նույն անկանխիկի ժամանակ:
Նախագծի մանրամասները ֆինանսների փոխնախարարը ներկայացրեց: Համակարգը երեք փուլով է ներդրվելու. 2023-ից այն առաջինը գործելու է պետական, համայնքային ծառայողների, հանրային պաշտոններ զբաղեցնողների, 1 միլիարդ դրամ և ավելի եկամուտ ունեցողների, նաև 20 մլն դրամ կամ ավելի փոխառություն, վարկ ստացած քաղաքացիների համար: Երկրորդ փուլում, այսինքն՝ 2024-ից, իրենց ամբողջական եկամուտները կհայտարարագրեն արդեն վարձու կամ քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող քաղաքացիները, իսկ անցումային՝ վերջին տարում՝ 2025-ին, ՊԵԿ-ի առջև հաշվետու կլինեն բոլորը:
Արման Պողոսյան (ՀՀ ֆինանսների փոխնախարար) - Հայտարարագրերի նախագծերը պատրաստվելու են ՊԵԿ-ի կողմից՝ վերջինիս տրամադրության տակ եղած տեղեկատվության հիման վրա, այնուհետև դրանք հայտարարագրողի կողմից կարող են խմբագրվել, ճշգրտվել, լրացվել և արդեն ներկայացնել հարկային մարմին՝ որպես հաստատված տարբերակներ:
Թեև նախագծում ներառված են նաև անչափահասները, բայց նրանց ընդգրկելու նպատակահարմարությունը դեռ քննարկվում է՝ տեղեկացրեց փոխնախարարը: Քաղհասարակության ներկայացուցիչների հարցին էլ, թե ո՛րն է նման լայն շրջանակ ընդգրկելու նպատակը, Պողոսյանը նկատեց՝ այսկերպ կստեղծվի ծավալուն բազա, պետության ծրագրային քաղաքականությունը կդառնա ավելի հասցեական, իսկ քաղաքացիների հարկային վարքագիծը՝ ավելի կարգապահ:
Արման Պողոսյան - Պատասխանատվություն է նախատեսված, բնականաբար, հայտարարագրերը սահմանված ժամկետում չներկայացնելու կամ ոչ լիարժեք ներկայացնելու համար: Սա իրավունքի նորմ է, երբ պարտականություն է սահմանվում, պետք է նաև համարժեք պատասխանատվություն լինի, հակառակ դեպքում նախ՝ մենք կհայտարարենք, որ կարգապահության վրա բավարար ուշադրություն չենք դարձրել, և երկրորդ՝ միգուցե հնարավոր չլինի հասնել մեր առջև դրած հարցերին:
Քննարկման մասնակիցներն առաջարկեցին վերանայել նախագծում տեղ գտած պատասխանատվության կետերը, թողնել միայն վարչական պատիժը, հայտարարագիր չներկայացնելու կամ այն թերի ներկայացնելու համար եկամտահարկի վերադարձից օգտվող քաղաքացիներին չպատժել՝ տվածը հետ ուզելով: Հանձնաժողովի նախագահն ասաց՝ դիտարկումը հաշվի կառնեն, կքննարկեն:
Բաբկեն Թունյան - Մի բան ուզում եմ հա՛մ ձեզ համար, հա՛մ մեր հասարակության համար ասել ու հավաստիացնել. չի լինելու այնպես, որ օրենքը հիմա ընդունենք ինչ-որ մի տարբերակով, հետո գանք, մի տարի հետո ասենք՝ գիտեք ինչ կա, էս մասին ձեզ չէինք ասել, բայց հիմա ուզում ենք սա խստացնել, ուզում ենք սա բարդացնենք կամ ուզում ենք էս մի հարկատեսակը ավելացնել: Ինչ որ ուզում ենք անել, թեկուզ հիմա էս փուլում չենք անում, հիմա էդ մասին հայտարարելու ենք:
Նախագիծը նաև խորհրդարանական լսումներ կանցնի, կքննարկվեն բոլոր կետերը՝ նշեց Թունյանը: Հանդիպման մյուս հատվածն արդեն դռնփակ անցավ: Պատգամավորների խոսքով՝ հրավիրվածներն են ցանկացել ամենասուր հարցերն առանց տեսախցիկների, անկաշկանդ քննարկել: