Այս գյուղատնտեսական տարին էլ ավարտվեց, սակայն Խաչփար գյուղի 20-րդ փողոցի տնամերձերի մոտ 2 հեկտարից սեփականատերերն այս անգամ էլ եկամուտ չստացան: Պատճառը տարիներ շարունակ բնակիչներին չհասնող ոռոգման ջուրն է:
Հերիքնազ Ջավադյան (Խաչփարի բնակիչ) - Ես ունեմ 3 հազար մետր տնամերձ հողամաս, կներեք, ամաչելով եմ ասում, «Փարոս» եմ ստանում՝ աղքատության նպաստ, բայց կարող եմ իմ ընտանիքը պահեմ էդ հողամասով:
Յուրաքանչյուր տարի խոստանում են ոռոգման ջրատարները նորոգել, սակայն սայլը տեղից չի շարժվում՝ ասում են Խաչփարի 20-րդ փողոցի բնակիչները: Հերիքնազ Ջավադյանը տարիներ առաջ փորձել է ազնվամորի աճեցնել, բայց ջուրը հողին չհասնելու պատճառով այգու մի հատվածը չորացել է: Տամելա Պողոսյանի հողամասն էլ ոռոգման երկու հնարավորություն ունի, սակայն ոչ մի ջրատարից այստեղ ևս ջուրը հողին չի հասնում: Ինքն էլ հողագործությունից հրաժարվել, «Փարոսի» հույսին է մնացել:
Տամելա Պողոսյան (Խաչփարի բնակիչ) - Սաղ, տեսնում եք՝ չոր ա, ծառերը չորացել ա, կտրել ենք: Ինչի՛ են մեզ ստիպում էս ջուր տվողները, որ մենք գնանք, «Փարոսի» ձեռք մեկնենք, 18 հազարի սպասեմ, խի՞, որ ես կարամ աշխատեմ, իմ ձեռքերս աշխատի, ես ապրեմ:
Գյուղը ջրի ծավալի խնդիր չունի, պատճառը անմխիթար վիճակում գտնվող ջրատարներն են, որոնք նաև չեն մաքրվում: Գյուղացիների պնդմամբ՝ մեղավորը այն սեփականատերերն են, որոնք իրենց հողերի պարիսպները այնքան են մոտեցրել ջրատարին, որ շինարարական տեխնիկա աշխատեցնելն անհնար է: Խաչփարի վարչական ղեկավարը հավաստիացնում է՝ գյուղի ջրատարը նմանատիպ մի քանի խնդրահարույց հատված ունի. այս տարվա սուբվենցիոն ծրագրով նախագծել էին երկաթբետոնե ջրատարներ անցկացնել: Տեխնիկան մոտեցնելու անհնարինության պատճառով հիմա նախագծային փոփոխություն են արել: Որոշել են երկաթբետոնե ջրատարները փոխարինել մետաղականով:
Արայիկ Գաբրիելյան (Խաչփարի վարչական ղեկավար) - Էս ծրագիրը էս նոյեմբերին սուբվենցիա ա գնում, ներկայացվում ա Կառավարություն, որ էդ ծրագիրը մենք կառուցենք՝ 550 գծամետր առուն:
Վարչական ղեկավարը խոստանում է՝ հաջորդ տարվա գարնանը ոչ միայն խնդրահարույց 550 գծամետր ջրատարը, այլև գյուղ մտնող 700 մետր հատվածը նորոգել: