Վթարային հաճախակի անջատումներից անկախ՝ Հայաստանը էլեկտրաէներգիայի խնդիր չունի։ Ավելին, ձմռան շեմին այնքան արտադրություն ունենք, միաժամանակ մատակարարում ենք նաև մեր երկու հարևան պետություններին։
Մնացական Մնացականյան («Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության գլխավոր տնօրեն) - Օրական 2,3-2,4 մլն կիլովատտ-ժամի արտահանում ենք Վրաստանի Հանրապետություն, 2,3-3,4 արտահանում ենք դեպի Իրանի Հանրապետություն, մեր երկրի սպառումը 20,6-21 մլն կիլովատտ-ժամի ընթացքում ա տատանվում:
Ի՞նչ քանակի էներգիա ո՞ր կայանից դեպի ո՞ւր առաքվեց՝ փաստացի ֆիքսում է «Հաշվարկային կենտրոնը»։ Ընկերության գործն այս տարեսկզբից նկատելի բարդացել է, պատասխանատվությունը՝ մեծացել, քանի որ Հայաստանը էներգետիկ շուկայի ազատականացման բարեփոխում է սկսել, վերացրել էլեկտրական ցանցերի մենաշնորհը, ինչի շնորհիվ համակարգի ստանդարտ մասնակից ՀԷԿ-երի, ՋԷԿ-երի, ՀԷՑ-ի ու ԲԷՑ-ի հետ միասին նոր խաղացողներ՝ անկախ մատակարարներ ու թրեյդերներ են հայտնվել։ Արդյունքը լինելու է այն, որ բաժանորդն արդեն ինքը կկարողանա ընտրել՝ ո՞ր կազմակերպությունից գնել իր հոսանքը և ի՞նչ գնով։ Բարեփոխման մասին հերթական անգամ խոսելու առիթը «Հաշվարկային կենտրոնի» 20-ամյակի միջոցառումն է։
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Այս գործընթացը որ սկսել ենք Հայաստանում, ոչ միայն արդար գնագոյացման համար է կարևոր, այլև լավ ներդրումային միջավայր կարող է ստեղծել:
Մեսրոպ Մեսրոպյան («Հաշվարկային կենտրոն» ընկերության գլխավոր տնօրեն) - Փետրվարից անցում է կատարվել շուկայի նորացված՝ ազատականացված մոդելի, որը դեռևս սահմանափակ մրցակցության համար է, բայց հստակ ուղենիշ ունի դեպի շուկայի ամբողջական ազատականացում:
Էներգետիկ շուկան ամբողջական ազատականացված է լինելու 2025 թվականին, երբ ոչ միայն խոշոր սպառողները, այլև բնակիչները կկարողանան իրենց անհրաժեշտ քանակի հոսանքը, ամենակարևորը՝ նախընտրելի ցածր գնով ձեռք բերել այլ մատակարարից, քան ՀԷՑ-ն է։ Այս բարեփոխումը Հայաստանն իրականացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի աջակցությամբ։
Չիփ Լեյթինեն (ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար) - Էներգետիկ շուկայի բարեփոխման արդյունքը լինելու է երկրի էներգետիկ ապահովությունը, ինչն իր հերթին կարող է զարկ տալ տնտեսության զարգացմանը և անդրսահմանային առևտրի աճին։ Կարող է նաև նպաստել վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների խթանմանը:
էներգետիկ շուկան հաջորդ տարի կբացեն նաև հարևան Վրաստանում, իհարկե հաշվի կառնեն Հայաստանի փորձը՝ հայտարարեց Թբիլիսիից ժամանած պատվիրակը։ Ասաց՝ մտադիր են ավելացնել հոսանքի առևտուրը, շնորհավորանքներ փոխանցեց։ Տոնական այս միջոցառմանը հնչող շնորհավորանքներն ամենաշատն էին։
Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ) - Շնորհավորում եմ «Հաշվարկային կենտրոնի» տնօրինությանը և ողջ աշխատակազմին, մաղթում եմ արգասաբեր աշխատանք:
Գարեգին Բաղրամյան (ՀՀ ՀԾԿՀ նախագահ) - Մաղթում եմ արդյունավետ աշխատանք և նորանոր հաջողություններ:
Միջոցառումն ավարտվեց Հայաստանի էներգետիկ շուկայի կայացման աջակիցների պարգևատրումներով։