Նոյեմբերի լույս 20-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր։
Մասնավորապես, մայրաքաղաքի Տերյան փողոցի հարակից այգում ձերբակալել և Կենտրոնական բաժին են տարել 23-ամյա և 19-ամյա երկու երիտասարդների։ 19-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված, ծխամորճ և մանրացնող սարք։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները մայրաքաղաքի Շիրվանզադեի փողոցում ձերբակալել և Արաբկիրի բաժին են տարել 21-ամյա մի երևանցու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 10 գրամ մարիխուանայի նմանող դեղնականաչավուն զանգված։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին։
Դեպք են բացահայտել նաև Քանաքեռ-Զեյթունում ծառայություն իրականացրած պարեկները։ Նրանք Գոգոլի փողոցում ձերբակալել և Քանաքեռ-Զեյթունի բաժին են տարել Երևանում բնակվող 26-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված և կաթուցիչ։ Երիտասարդն ու դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։
Բոլոր դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։