Պեմզաշենում ողբերգական սպանությունից մոտ երեք շաբաթ անց Զարինեի փռած լվացքը չի հավաքվել, Մելիքսեթյանների դուռը շարունակում է կողպված մնալ:
Նարեկ Գարեգինյան (Պեմզաշենի սպանության գործով քննչական խմբի ղեկավար) - Բացի նախաքննական մարմնից` որևէ այլ անձ տվյալ դեպքի վայր մտնելու իրավասություն չունի:
31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու երեխաների` 12-ամյա դստեր և 8-ամյա որդու ահասարսուռ սպանությունը տեղի ունեցավ նոյեմբերի 8-ին, բայց թե կոնկրետ ո՞ր ժամին` դեռ պարզվում է: Գործով մեղադրյալներ 32-ամյա Վրույր Բարսեղյանն ու նրա ազգական 41-ամյա Արկադի Բարսեղյանը կալանավորված են: Քննչական խմբի ղեկավարն առաջին անգամ մանրամասներ է հրապարակում, նշում՝ Վրույր Բարսեղյանը դեպքի օրը ժամը 21:00-ին հանդիպել է ազգականի՝ Արկադիի հետ ու ասել, որ իրեն գումար է անհրաժեշտ:
Նարեկ Գարեգինյան - Վերջինս ասել է, որ գումարի հետ կապված տեղ գիտի, եթե էդքան տղամարդկություն ունի իր հետ գալու, մինչև վերջ գնալու, կարող է ցույց տալ:
Ըստ քննիչի՝ Արկադի Բարսեղյանը իրեն պատկանող ավտոմեքենայով, ազգականի հետ գնացել է այն փողոցը, որտեղ գտնվում է Մելիքսեթյանների բնակարանը, կանգնել մոտավորապես 15 մետր հեռավորության վրա, ապա մոտեցել բնակարանին, բացել դուռը:
Նարեկ Գարեգինյան - Դուռը բացվելուց հետո տուժողը նկատել է երկուսին, խնդրանք է առաջ բերել, որպեսզի լքեն իր բնակարանը, սակայն 41-ամյա բնակիչը բռունցքով հարվածել է Զարինեին, որից հետո վերջինս ընկել է հատակին, արդեն սկսել են գումար ման գալ: Գումարը չհայտնաբերելով և դիմադրության հանդիպելով` 32-ամյա բնակիչը դանակով հարվածներ է հասցրել տուժողին` գետնին ընկած ժամանակ:
Քննիչի խոսքով՝ ձեռք բերված տվյալների համաձայն՝ աղմուկ լսելով` սենյակից դուրս են եկել անչափահաս երեխաները:
Նարեկ Գարեգինյան - Հասկանալով, որ բացահայտված է իրենց արարքը, տուժողները ճանաչել են իրենց, դրսից հակավորման թել է բերել 32-ամյա բնակիչը, որից հետո, կապելով տուժողին և նրա երեխաներին, 41-ամյա բնակիչը թողել-հեռացել է դեպքի վայրից: Դրանից հետո 32-ամյա բնակիչը երկուսի կատարած հանցանքները թաքցնելու, հետքերը վերացնելու համար արդեն իր մոտ գտնվող դանակով կտրած-ծակած ձևի վնասվածքներ պատճառելով` կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է պատճառել Զարինե Մելիքսեթյանին և նրա երկու անչափահաս երեխաներին, որից հետո դեպքի վայրից հեռացել է, գնացել իր բնակության հասցե:
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ մեղադրյալի հորաքույրը սպանությունից հետո մաքրել է հետքերը:
Նարեկ Գարեգինյան - Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հարցաքննվել է նաև մամուլում հրապարակված տվյալ անձը, որի վերաբերյալ դեռևս որևէ տվյալ չկա ստացված, որ վերջինս օժանդակել կամ որևէ կերպ օգնել է հանցագործություն թաքցնելուն, հետքեր վերացնելուն:
Քննչական խմբի ղեկավարը նշում է՝ նախաքննական մարմինն այս պահին հետքեր ոչնչացնելու տվյալ չունի, վերցվել են բազմաթիվ փորձանմուշներ, այդ թվում` արյան, որոնց պատասխանը դեռ չկա:
Դեպքի պահին մեղադրյալները ակլոկոհլի կամ թմրամիջոցի ազդեցության տակ եղել են թե ոչ` կպարզվի նշանակված փորձաքննությամբ: Մեղադրյալներից Վրույր Բարսեղյանը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, որը, բժշկական գաղտնիքը հաշվի առնելով, չենք հրապարակում: Նախաքննական մարմինը նշանակել է դատահոգեբուժական փորձաքննություն, որ պարզի Բարսեղյանի մեղսունակության հարցը դեպքի պահին:
Նարեկ Գարեգինյան - Վստահեցնում եմ, որ անձը չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից որևէ նմանատիպ հիվանդությունից ելնելով. դա բացառվում է:
Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` եթե անձը ճանաչվում է անմեղսունակ, բայց ապացուցվում է նրա կատարած հանցանքը, սահմանված պատիժը քաղաքացին միևնույն է` կրում է, բայց հոգեբուժարանում՝ հատուկ հսկողությամբ:
Իրավապահները մինչև այսօր ուժեղացված հսկողություն են իրականացնում թե՛ մեղադրյալների, թե՛ տուժողների բնակության հասցեներում: Գյուղում օրեր առաջ վենդետա է կանխվել:
Նարեկ Գարեգինյան - Քրեական վարույթ է նախաձեռնվել մի քանի օր առաջ` կապված մեղադրյալներից մեկի բնակարանի ապակին կոտրելու հետ:
Տուժողների հարազատները, ապակին կոտրելով, փորձել էին հրկիզել Վրույր Բարսեղյանի տունը: Գյուղում գրեթե բոլորի դռները կողպված են, հարևանները «Լուրերի» հետ զրույցում չցանկացան խոսել:
Պեմզաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Լյովա Նազարեթյանը նշում է, որ դեպքին նախորդող օրերին որևէ արտառոց բան չեն նկատել, թե՛ Զարինեն, թե՛ երեխաները, նրա տպավորությամբ, ուրախ տրամադրություն են ունեցել:
Լյովա Նազարեթյան (Պեմզաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն) - Մեզ համար էլ էր անհայտ, թե ինչի համար...
Խոսելով մեղադրյալների մասին` Նազարեթյանն ասաց՝ Վրույր Բարսեղյանը մեկուսացած է եղել հասարակությունից, ինքնամփոփ է եղել, իսկ Արկադի Բարսեղյանի հետ շփում չի ունեցել: Զարուհի Մելիքսեթյանը աշխատում էր Պեմզաշենի պոլիկլինիկայում, այդ օրն աշխատանքի է եղել: Պոլիկլինիկայի տնօրեն Վարդուհի Խաչատրյանի կարծիքով` Զարինեին որևէ բան չէր անհանգստացնում:
Վարդուհի Խաչատրյան (Պեմզաշենի առողջության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն) - Որևէ մեկից վախ չի ունեցել: Ինքը, բացի մեր աշխատողը լինելուց, իմ ամուսնու հետ ազգակցական կապեր ունի։ Եթե ինքը որևէ անհանգստացնող խնդիր ունենար, գոնե մի բառ կասեր, կամ իր վարքագծի մեջ կերևար, ինքը ծածկամիտ աղջիկ չէր, շատ պարզ, մաքուր աղջիկ էր։ Այդ օրը շատ ուրախ, լավ տրամադրության մեջ էր, խոսեց, խնդաց, ուրախ-ուրախ 4 անց 5, 10 նոր դուրս եկավ:
Զարինեի ամուսինը՝ Սևակ Մելիքսեթյանը, «Լուրերի» հետ հեռախոսազրույցում չցանկացավ շատ հարցերի պատասխանել, ասաց՝ քննություն է գնում, խորհուրդ տվեց քաղաքացիներին հետևել միայն պաշտոնական տեղեկություններին:
Այսպիսով՝ Վրույր Բարսեղյանն ու Արկադի Բարսեղյանը մեղադրվում են առանձին դաժանությամբ սպանության և ավազակության համար: Վրույր Բարսեղյանին առաջադրված մեղադրանքների շարքում նաև Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածն է՝ սեռական բնույթի բռնի գործողությունը: Վրույր Բարսեղյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ, Արկադի Բարսեղյանը չի ընդունում մեղքը:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան