ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ռ. Ս.-ն, զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնը, խարդախությամբ պաշտոնեական դիրքն օգտագործելով դատապարտյալից գումար է հափշտակել:
Մասնավորապես` պարզվել է, որ Ռ. Ս.-ն ծանոթություն է հաստատել Դիլիջան քաղաքի բնակիչ Ս. Հ.-ի հետ, որը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի հուլիսի 8-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ և դատապարտվել ազատազրկման:
Դրանից հետո` 2017 թվականի հունիսի 21-ին, դատապարտյալի պաշտպանը դիմում է մուտքագրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` Ս. Հ.-ի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատժատեսակը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ:
Դատավորի օգնական Ռ. Ս.-ն, տեղեկացված լինելով վերը նշված դիմումի մասին և նպատակ ունենալով դատապարտյալից խարդախությամբ գումար հափշտակել, Ս. Հ.-ին հայտնել է, որ որպես պատժատեսակ նշանակված ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու համար անհրաժեշտ է 300.000 ՀՀ դրամի պետական վճարում կատարել, մինչդեռ օրենքով որևէ նման վճարում սահմանված չի եղել:
Արդյունքում` Ռ. Ս.-ն Վանաձոր քաղաքում հանդիպել է դատապարտյալ Ս. Հ.-ի հետ և նրանից ստացել 300.000 ՀՀ դրամ գումարը:
Քննության առնելով Ս. Հ.-ի պաշտպանի դիմումը` Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել հիշյալ դիմումն ըստ ընդդատության ուղարկելու վերաբերյալ, որից հետո դատապարտյալ Ս. Հ.-ի պահանջով Ռ. Ս.-ն հիշյալ գումարը վերադարձրել է նրան:
Ռ. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 1.1 կետով նախատեսված հանցավոր արարքի կատարման համար:
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: