Նորիկ Մանուկյանն իր խաղողի այգու մետաղական լարերը հավաքել է, որ վազերն արմատախիլ անի: Տասնյակ տարիներով մշակած այգին հողին է հավասարեցնելու՝ իրացման դժվարություններ ունենալու պատճառով:
Նորիկ Մանուկյան (այգեգործ) - Ինչ անեմ՝ չքանդեմ, որ եկամուտ ստանամ, բայց չգիտեմ՝ ում հանձնեմ խաղողը, 70-80 դրամո՞վ, գալիս-ասում են՝ 80-ով տուր՝ տանեմ:
Ասում է՝ ամեն տարի բերքը հանձնելու խնդիր են ունենում: Հիմա էլ մթերողները պայմանագիր չեն կնքում: Ստիպված գործարանից գործարան են գնում, հերթերի մեջ մնում այնքան, մինչև խաղողը որակազարկվում ու արժեզրկվում է: Մթերողների առաջարկած գինը նույնիսկ ծախսը չի ծածկում: Հաշվել է՝ 1 կգ խաղողի ինքնարժեքը 120-130 դրամ է, իսկ իրենց 80-100 դրամ են առաջարկում:
Նորիկ Մանուկյան - Ընդունող չկա, ուր տանում ենք, շաբաթներով պիտի մնանք այնտեղ, որ կարողանանք հանձնենք:
Այգիները քանդում են Խանջյան, Հացիկ, Ալաշկերտ բնակավայրերի հողագործները: Շատերն արդեն վազերը կտրել, սպասում են՝ տրակտորը գա, արմատախիլ անի: Մարզպետարանում մտահոգված են խնդրով, բայց արգելելու իրավասություն չունեն:
Արթուր Այվազյան (Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ) - Մեր լիազորությունների շրջանակներում չենք կարող խոչընդոտ հանդիսանալ, որովհետև յուրաքանչյուր սեփականատեր ինքն է տնօրինում իր սեփականությունը և յուրովի տիրապետում է իր գույքը:
Այգին քանդելն էլ ծախս է. մոտ 500 հազար դրամ է պետք տրակտոր վարձակալելու, քանդած վազերը այգուց հեռացնողներին վճարելու համար: Խանջյանցի այգեգործը 1,5 հա էլ անցած տարի է քանդել, որովհետև ոռոգման ջուր չի եղել, սպասվածից քիչ ու անորակ բերք է ստացել:
Նորիկ Մանուկյան - էս տարի էլի ահագին ունեմ՝ մի 50 շարք, 30-ը պիտի քանդեմ, տեսնենք՝ մնացածից կարո՞ղ ենք եկող տարի խաղող հանձնել:
Խանջյանի վարչական ղեկավարը, որը հրաժարվեց տեսախցիկի առաջ հարցազրույց տալ, ասաց՝ այգին քանդելու մասին որևէ մեկից դիմում չեն ստացել: Ըստ նրա՝ դիմումներն իրենց միջոցով պետք է հասցեագրվեն մարզպետարան: Դա Կառավարության սահմանած կարգ է, ըստ որի բարձրարժեք մշակաբույսից ցածրարժեքին անցնելիս և հակառակի դեպքում անհրաժեշտ է մարզպետարանի թույլտվությունը:
Արթուր Այվազյան - Մարզպետարանում մուտքագրվում է եզրակացություն ստանալու համար, որը համաձայնեցվում է Կադաստրի կոմիտեի և մարզպետարանի համապատասխան բաժնի հետ: Եզրակացություն է տրվում, որ հողային հաշվեկշռում փոփոխություններ կատարեն, իսկ դա չի կարող արգելք հանդիսանալ չքանդելու համար:
Խաղողագործները մտահոգված են. իրենց ապրանքի գինը գցում են նաև վերավաճառողները, որոնք իրենցից էժան վերցնում, թանկ հանձնում են գործարաններին:
Նորիկ Մանուկյան - Այգի չունի, բայց տոննաներով հանձնում է, իսկ ես իմ այգու խաղողը չեմ կարողանում հանձնեմ:
Գյուղացիները քանդած վազերի փոխարեն պտղատու ծառեր կտնկեն կամ բանջարեղեն կաճեցնեն: Բայց դրանից էլ առանձնապես սպասելիքներ չունեն, որովհետև ոռոգման ջրի չլուծված խնդիր ունեն: