Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մասնակցել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի խորհրդի նիստին:
Արփինե Սարգսյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում անդրադարձել է ծրագրի հիմնական երեք բաղադրիչներին` մարդու իրավունքների, ոստիկանության և Սահմանադրական ոլորտի բարեփոխումներին: Սարգսյանը ներկայացրել է մարդու իրավունքների ոլորտում իրականացված աշխատանքները և կարևորել` միջազգային գործընկերների աջակցությամբ իրականացվող 2023-2025 թվականների ռազմավարության մշակման աշխատանքները:
Ընդգծվել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի աշխատանքներին մեծապես նպաստած e-rights.am էլեկտրոնային հարթակի կարևորության մասին: Փոխնախարարն անդրադարձել է նաև անչափահասների արդարադատության ոլորտում իրականացվող նախաձեռնություններին, այդ թվում` Երևանում և Կապանում Բարնահուսի մոդելի պիլոտային ծրագրին, որն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ:
Սարգսյանը ներկայացրել է նաև ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու շեշտել, որ երեկ Կառավարության նիստում ներկայացվել է ներքին գործերի նախարարության ստեղծման փաթեթը, որը հավանության է արժանացել գործադիր մարմնի կողմից: Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ սահմանադրական բարեփոխումների գործընթացի կազմակերպմանը, ներառյալ` սահմանադրական բարեփոխումների քարտուղարության աջակցությանը, սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի նիստերի, հանրային քննարկումների կազմակերպմանը և հանձնաժողովի անդամների գործունեության մասամբ ֆինանսավորմանը:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը կարևորել են առկա համագործակցությունն ու պատրաստակամություն հայտնել շարունակել այն: Նիստին մասնակցել են նաև ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, ՀՀ ԱՆ միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը:
«Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում ծրագիրը» ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP), ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից։