Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա, հայտարարել է Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովում։
Իլհամ Ալիև (Ադրբեջանի նախագահ) - Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց Հիքմեթ Հաջիևը ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապվել են Շառլ Միշելի գրասենյակից ու հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը համաձայն է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցության դեպքում։ Դա նշանակում է՝ հանդիպումը տեղի չի ունենա։
Պրահայում հանդիպումից մեկ շաբաթ էլ չէր անցել, իսկ Ֆրանսիայի նախագահը իր հարցազրույցում քննադատեց և անհիմն մեղադրանքներ ներկայացրեց Ադրբեջանին: Դրան հաջորդեց Ֆրանսիայի Սենատի՝ բոլորին հայտնի բանաձևը, որն անընդունելի է և վիրավորական։ Այնուհետև ևս մեկ հակաադրբեջանական բանաձև տեսանք, այս անգամ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովինը:
Հետո էլ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի միջոցով մեզ վրա հարձակման փորձ արվեց։ Այս ամենը հաշվի առնելով՝ պարզ է, որ Փարիզը չի կարող մասնակցել խաղաղության գործընթացին:
Ալիևը հավելել է, որ, ի տարբերություն Ֆրանսիայի, մյուս միջնորդները՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանը, Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում «երբեք կողմերից ոչ մեկին պաշտոնապես նախապատվություն չեն տվել»: Ալիևը շեշտել է՝ Բաքուն այլ միջնորդների կդիտարկի և կորոշի՝ ինչ ձևաչափով շարունակել քննարկումները:
ՀՀ ԱԳՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Պաշտոնական Երևանն արձագանքել է Ալիևի այս հայտարարություններին:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հիշեցրել է, որ առաջնորդների նախորդ հանդիպումը Պրահայում, որտեղ ձեռք է բերվել հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն, քառակողմ ձևաչափով է անցկացվել, ուստի տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափն ու մասնակիցների կազմը պետք է նույնը լինեն:
Վահան Հունանյան (ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար) - Ադրբեջանական կողմի բոլոր հայտարարությունները, թե հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպումը և խաղաղության գործընթացը, իրականության հետ որևէ աղերս չունեն։ Հայաստանը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն:
Հունանյանը հավելել է՝ Վաշինգտոնում նոյեմբերի 7-ին Ադրբեջանին փոխանցված խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական առաջարկներին Բաքուն դեռ չի պատասխանել:
ԱԼԻԵՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻՆ»
Ադրբեջանի նախագահի խնդրահարույց մտքերն այսքանով չեն սահմանափակվել: Ալիևը ցանկություն է հայտնել, որ Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացները զուգահեռ ընթանան: Նրա խոսքով՝ Երևանը հայտարարում է Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման մասին, իսկ Բաքուն աջակցում է այդ մտադրությանը:
Իլհամ Ալիև - Մենք ուզում ենք, որ նրանք հասկանան, որ ընդհանուր ոչինչ չունեն Ղարաբաղի հայերի հետ։ Մենք ուզում ենք «Զանգեզուրի միջանցքը», ուզում ենք սահմանները սահմանազատել պատմական քարտեզների, այլ ոչ նրանց ներկայացրած քարտեզների հիման վրա: Մենք տարածքներ չենք ուզում, պատերազմ չենք ուզում: Եթե ցանկանայինք, կանեինք։
Ալիևն առավելապաշտական ելույթում հատուկ ուշադրություն է դարձրել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», շեշտել՝ հարցը քննարկել է ռուս պաշտոնյաների հետ իր վերջին զրույցներում:
Նա կարծիք է հայտնել, թե իբր Հայաստանն ի վիճակի չէ այն արգելափակել, իսկ Իրանը դա չի անի՝ հաշվի առնելով տարածաշրջանային հաղորդակցության նախագծերի նկատմամբ իր հետաքրքրությունը։
ԱԼԻԵՎԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ՉԵՆ ՇՐՋԱՆՑԵԼ ԻՐԱՆԻՆ
Ադրբեջանի նախագահի սպառնալիքները չեն շրջանցել Թեհրանին:
Իլհամ Ալիև - Մենք աշխատել ենք Իրանի երեք նախագահների հետ: Երբեք նման թշնամական ու սպառնալից հայտարարություններ Թեհրանը Ադրբեջանի հասցեին չէր արել, ինչպես հիմա։ Իրանը երբեք մի քանի ամսվա ընթացքում երկու զորավարժություն չէր անցկացրել մեր սահմանների մոտ։ Այդ իսկ պատճառով մենք էլ վարժանքներ անցկացրինք Իրանի հետ սահմանին՝ ցույց տալով, որ նրանցից չենք վախենում։ Մենք Իրանում ապրող ադրբեջանցիներին էլ կպաշտպանենք։
Ալիևը նաև վրդովմունք է հայտնել, որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է Թեհրանի համար, սակայն նույնը չեն ասում Ադրբեջանի մասին: Նրան վրդովեցնում է և այն փաստը, որ իրանական դպրոցներում հայերեն է դասավանդվում, սակայն ադրբեջաներենի դասեր չկան։
Իլհամ Ալիև - Ինչպե՞ս է դա հնարավոր... Մենք բարձրացնում ենք Իրանի դպրոցներում ադրբեջաներենի դասավանդման հարցը, քանի որ դրա բացակայության դեպքում Իրանի ադրբեջանցիները կարող են մոռանալ գրական ադրբեջաներենը, լեզվի իմացությունը կմնա կենցաղային մակարդակում: Իսկ, օրինակ, Վրաստանում 116 դպրոց կա, որտեղ ադրբեջաներեն են դասավանդում։
Իլհամ Ալիևը եզրափակել է՝ Բաքուն միշտ պատասխանել է և պատասխանելու է հակաադրբեջանական բոլոր քայլերին, նախազգուշացրել՝ թուրքական բանակը նաև Ադրբեջանի բանակն է, իսկ ադրբեջանական բանակը՝ Թուրքիայինը: