Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն իր համերաշխությունն ու զորակցությունն է հայտնել Արցախի Հանրապետության ժողովրդին, որը հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում մեծ ցույց կազմակերպեց՝ հանուն ինքնորոշման։ Ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ «Ցեղասպանության միջոցով «խաղաղություն» կամ «բարեկեցություն» գոյություն չունի» խորագրով:
«Արցախի շրջանը (հայտնի է նաև իր խորհրդային անվանումով՝ Լեռնային Ղարաբաղ) հազարավոր տարիներ բնակեցված է եղել մեծամասնությամբ հայ բնակչությամբ։ Տարածաշրջանում հայերի մասին հիշատակումները վերաբերում են առնվազն մ.թ.ա. 6-րդ դարին: Չնայած շրջանը դարերի ընթացքում ընկել է տարբեր կայսրությունների վերահսկողության տակ, տեղական ղեկավարությունը, լեզուն և մշակույթը հայկական են: 20-րդ դարի ընթացքում հայերը կազմում էին բնակչության 75-95 տոկոսը։ Նրանք ներկայումս կազմում են Արցախի բնակչության 99,7 տոկոսը և համարվում են տարածաշրջանի բնիկ ժողովուրդը։
Խորհրդային Միության օրոք Արցախը Ադրբեջանական ԽՍՀ կազմում ուներ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) կարգավիճակ։ Խորհրդային տիրապետությունը զսպում էր ադրբեջանցի ազգայնականների ցեղասպանական հակահայկականությունը, որոնք Ադրբեջանը դիտարկում էր որպես պանթուրքական էքսպանսիայի մաս: Այն նախատեսում էր Կենտրոնական Ասիան կապել Հարավարևելյան Եվրոպայի հետ: Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, արցախցիները դիմեցին Ադրբեջանական ԽՍՀ-ից անջատվելու և Հայկական ԽՍՀ-ին միանալու խնդրանքով։ Ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները ահաբեկեցին հայերին ողջ Ադրբեջանում՝ ադրբեջանական քաղաքներում մի շարք ցեղասպանական ջարդերի միջոցով: Այդ ջարդերը, որոնք ունեին ադրբեջանցի ազգայնականների լիակատար աջակցությունը, ցույց տվեցին, որ անկախ Ադրբեջանում հայկական կյանքի անվտանգությունը բացակայում է: Ադրբեջանից հայ փախստականները հարկադրված էին տեղափոխվել Արցախ և Հայաստան»,- նշված է կազմակերպության հայտարարության մեջ:
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ստեղծել անկախ միջազգային հանձնաժողով, որը կուսումնասիրի Արցախում առկա խնդիրները՝ նպատակ ունենալով հաստատել արդար արդյունք և կայուն խաղաղություն։ Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանն ուժ կիրառի հայկական տարածքներին տիրանալու հավակնությամբ, միջազգային հանրությունը պետք է հստակ հասկացնի, որ վճռականորեն պաշտպանելու է հայկական կյանքը 1915 թվականի ցեղասպանության վերսկսումից»,- նշված է հայտարարության մեջ: Լեմկինի ինստիտուտը շեշտում է, որ միջազգային հանրությունը չպետք է անտեսի տարածաշրջանում Հայոց ցեղասպանության հետևանքները, որն «Արևմտյան Հայաստանում լիովին ոչնչացրեց հայկական ներկայությունը», ինչպես նաև «հայերի նկատմամբ ադրբեջանցի ազգայնականների անզուսպ ցեղասպանական թշնամանքը»: