Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Արդյունավետ գնահատելով ՀՀ-ԵՄ գործընկերությունը՝ վարչապետը կարևորել է ԵՄ օժանդակությունը մեր երկրում բարեփոխումների իրականացման գործընթացին և նշել, որ ՀՀ Կառավարությունը հանձնառու է շարունակելու ժողովրդավարական ռեֆորմները:
ՀՀ վարչապետն իր գոհունակությունն է հայտնել ս.թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ և այդ համատեքստում հիշատակել գագաթնաժողովի շրջանակում իր, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպումը:
Միխայել Զիբերթը նշել է, որ ԵՄ գնահատմամբ՝ Հայաստանում ժողովրդավարությունն առաջընթաց է արձանագրում, ինչի մասին վկայում են տարբեր ոլորտներում բարեփոխումները, քաղաքացիական հասարակության ակտիվ գործունեությունը, և ԵՄ-ն կշարունակի աջակցել մեր երկրին այդ գործընթացում:
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասով բարձր գնահատականի համար՝ նշելով, որ դիտարկվում է այն շարունակական դարձնելու գաղափարը:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը, տարածաշրջանային անվտանգությանը, Արևելյան գործընկերության ծրագրին վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության շուրջ: