Եվրամիությունը մշակում է հակառուսական պատժամիջոցների իններորդ փաթեթը՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ֆինլանդիա կատարած պաշտոնական այցի ժամանակ։ Նրան մեջբերում է Reuters-ը։
«Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք, որպեսզի էլ ավելի թուլացնենք Ուկրաինայի դեմ պատերազմելու Ռուսաստանի կարողությունը։ Կարող եմ հայտնել, որ մենք ամբողջ թափով աշխատում ենք պատժամիջոցների իններորդ փաթեթի վրա»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ ռուսական նավթի գնի շեմը շուտով կհաստատվի։
Հոկտեմբերի 5-ին Եվրամիությունն ընդունեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթը, որի համաձայն՝ ռուսական նավթի գների շեմ է սահմանվում։ Դրանից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրեց, որ երկիրն ամբողջությամբ կդադարեցնի նավթի և գազի մատակարարումն այն պետություններին, որոնք կփորձեն Ռուսաստանից հումքի գների շեմ սահմանել։