ԱԼԻԵՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻՆ»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի» միջանցքին։ Նա հայտարարել է, թե այդ հարցը քննարկել է ռուս պաշտոնյաների հետ իր վերջին զրույցներում: Ադրբեջանի նախագահը կարծիք է հայտնել, թե Հայաստանն ի վիճակի չէ այն արգելափակել:
Նրա խոսքով՝ Իրանը նույնպես չի արգելափակի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»՝ հաշվի առնելով տարածաշրջանային հաղորդակցության նախագծերի նկատմամբ Թեհրանի հետաքրքրությունը։ Ալիևը հայտարարել է, թե դա ուղղված չէ որևէ մեկի դեմ և բխում է հետաքրքրված կողմերի շահերից:
ԹՈՒՐՔԻԱՆ ԿՐԱԿԵԼ Է ՍԻՐԻԱՅԻ ՔՐԴԱԿԱՆ ԴԻՐՔԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Թուրքական հրետանին նոյեմբերի 25-ին կրակ է բացել Եփրատ գետի արևմտյան ափին տեղակայված Սիրիայի քրդական ուժերի դիրքերի ուղղությամբ։ Քրդական լրատվամիջոցների տվյալով՝ հարձակումն իրականացվել է սիրիական Ջերաբլուս քաղաքից, որը 2017 թվականին Անկարայի ստեղծած անվտանգության գոտու մաս է կազմում։ Թուրքական ուժերի թիրախում են հայտնվել քրդական «Ժողովրդավարական Սիրիայի ուժերի» կողմից վերահսկվող Մանբիջ քաղաքը և շրջակա տարածքները: ԶԼՄ-ները հայտնում են, որ խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ թուրքական բանակը Իրաքում և Սիրիայում «Ճանկ-սուր» օդային գործողության ընթացքում ոչնչացրել է 326 ահաբեկչի։ Գերատեսչությունում հերքել են Սիրիայի հյուսիսում ԱՄՆ դիտակետի վրա հարձակման մասին տեղեկությունները, հավատացրել՝ դաշնակից երկրների ուժերին կամ քաղաքացիական թիրախներին հարվածներ չեն հասցվում։
ԿԻԵՎԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԿՍՏԱՆԱՆ ՕՐԱԿԱՆ 2-3 ԺԱՄ
Ուկրաինայի գրեթե բոլոր շրջանները էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված լուրջ խնդիրներ ունեն, սակայն հարցն աստիճանաբար կարգավորվում է՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ 15 շրջան էլ բախվել է ջրամատակարարման հետ կապված լուրջ խնդիրների։ Ամենաբարդ իրավիճակը նկատվում է Դնեպրոպետրովսկի, Կիևի, Կիրովոգրադի, Լվովի, Պոլտավայի և Խարկովի շրջաններում։
Կիևում էլեկտրաէներգիա ունի բնակչության մոտ 30 տոկոսը: Մայրաքաղաքի բնակիչներին էլեկտրաէներգիա կմատակարարվի օրական 2-3 ժամ, քանի դեռ ատոմակայանները և ջերմաէլեկտրակայանները չեն մեծացրել էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն բնակիչներին հորդորել է հնարավորության դեպքում որոշ ժամանակով հեռանալ մայրաքաղաքից և տեղափոխվել արվարձաններում գտնվող առանձնատներ։ Կլիչկոն հավելել է, որ լայնամասշտաբ տարհանման սցենար դեռևս չի դիտարկվում։
ԱՌԱՋԸՆԹԱՑ ԶԱԷԿ-Ի ՇՈՒՐՋ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին տեղեկացրել է, որ Զապորոժիեի ատոմակայանի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու շուրջ բանակցություններում առաջընթաց կա։
«Նման համաձայնության հասնել հեշտ չէ, քանի որ ատոմակայանը հենց առաջնագծում է՝ ակտիվ ռազմական գործողությունների գոտում, ուստի երկու կողմի համար էլ բարդ է փոխզիջումների գնալ»,- հավելել է նա։
Գործակալության ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է ամեն գնով խուսափել ատոմակայանում միջադեպերից, քանի որ միջուկային վառելիքի պահեստներին հարվածների կամ ռեակտորի հովացման համակարգի խափանման հետևանքներն աղետալի կլինեն ոչ միայն Ուկրաինայի համար:
ԵՄ-Ն ԿԲԱՑԱՌԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԸ ՀԱՄԱՏԵՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՑ
ԵՄ երկրների էներգետիկայի նախարարները պայմանավորվել են բացառել ռուսական գազը համատեղ գնումների պայմանագրերից՝ ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։
Փաստաթղթի համաձայն՝ նոր կանոնները հնարավորություն կտան ԵՄ անդամ երկրներին և նրանց էներգետիկ ընկերություններին՝ համատեղ գազ գնել համաշխարհային շուկաներից:
«Ռուսական գազ» եզրույթը, սակայն, հստակեցված չէ։ Հայտնի չէ՝ արդյոք ռուսական է համարվում մեկ կամ մի քանի միջնորդների միջոցով Ռուսաստանից ձեռք բերվող գազը:
ԳՈՀԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՇՔԵՐԹ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Նյու Յորքում անցել է Գոհաբանության օրվան նվիրված մեծ շքերթը, որը 1924 թվականից ի վեր անցկացվում է գրեթե ամեն տարի: Շքերթն ուղեկցել են նվագախմբեր, մուլտհերոսների պատկերներով հսկա փուչիկներ: Երթի մասնակիցների համար հանդես են եկել հայտնի աստղեր՝ Սուրբծննդյան տոների մասին կատարումներով:
Շքերթներ են անցկացվում նաև Միացյալ Նահանգների այլ քաղաքներում, սակայն Նյու Յորքի միջոցառումը տոնական ավանդույթի կարևոր մաս է, որին հետևում է շուրջ 50 միլիոն հեռուստադիտող: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը ուղիղ եթերում զանգահարել են շքերթը լուսաբանող լրագրողներից մեկին և շնորհավորել ամերիկացիներին Գոհաբանության օրվա կապակցությամբ: