ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐԻՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի հարցերով բանակցությունների հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև սահմանի սահմանազատման շուրջ բրյուսելյան քննարկումների հետ կապված մի շարք հարցերի։
ԲԱՔՎՈՒՄ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԴԵՍՊԱՆԸ ԿԱՆՉՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ
Բաքվում Նիդերլանդների դեսպան Փոլին Էյզեման կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ: «Ադրբեջանական կողմը մտահոգություն է հայտնել Նիդերլանդների ԱԳ նախարար Վոպկե Հոքստրայի նամակի կապակցությամբ, որը հայերի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կատարած պատերազմական հանցագործությունների համար մեղադրանքներ է պարունակում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Նիդերլանդների արտգործնախարարը նամակ էր հղել երկրի խորհրդարանին՝ նշելով, որ Ամստերդամը միջազգային գործընկերների հետ ուշադիր հետևելու է հայ ռազմագերիների արտադատական գնդակահարության տեսանյութերի հետաքննությանը: Նա շեշտել է՝ հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն:
ԹՈՒՐՔԻԱՅԻ, ՂԱԶԱԽՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Ղազախստանի Ակտաու քաղաքում տեղի է ունեցալ Թուրքիայի, Ղազախստանի և Ադրբեջանի արտաքին գործերի ու տրանսպորտի նախարարների հանդիպումը։ Սա նման ձևաչափով արդեն երկրորդ հանդիպումն է։ Քննարկումներին միացել է նաև Վրաստանի պատվիրակությունը։
Հանդիպման շրջանակում ստորագրվել է Ղազախստանի, Թուրքիայի և Ադրբեջանի տարածքներով անցնող «Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու» զարգացման և շահագործման 2022-2027 թթ. ճանապարհային քարտեզը։
ՖՐԱՆՍԻԱՆ 100 ԳԵՆԵՐԱՏՈՐ Է ՈՒՂԱՐԿԵԼ ՈՒԿՐԱԻՆԱ
Ֆրանսիան 100 գեներատոր է ուղարկել Ուկրաինա՝ օգնելու ռուսական հարվածների պատճառով երկրում ստեղծված էներգետիկ ճգնաժամի հաղթահարմանը: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ռուսական ուժերի գործողությունները պատերազմական հանցագործություն է որակել։
Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի գրեթե բոլոր շրջանները էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված լուրջ խնդիրներ ունեն, սակայն հարցն աստիճանաբար կարգավորվում է: Նա հավելել է, որ 15 շրջան էլ բախվել է ջրամատակարարման հետ կապված լուրջ խնդիրների։ Ամենաբարդ իրավիճակը նկատվում է Դնեպրոպետրովսկի, Կիևի, Կիրովոգրադի, Լվովի, Պոլտավայի և Խարկովի շրջաններում։
Կիևում էլեկտրաէներգիա ունի բնակչության մոտ 30 տոկոսը: Մայրաքաղաքի բնակիչներին էլեկտրաէներգիա կմատակարարվի օրական 2-3 ժամ, քանի դեռ ատոմակայանները և ջերմաէլեկտրակայանները չեն ավելացրել էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն բնակիչներին հորդորել է հնարավորության դեպքում որոշ ժամանակով հեռանալ մայրաքաղաքից և տեղափոխվել արվարձաններում գտնվող առանձնատներ։ Կլիչկոն հավելել է, որ լայնամասշտաբ տարհանման սցենար դեռևս չի դիտարկվում։
ՆԱՏՕ-Ի ԴՌՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՄԱՐ. ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳ
ՆԱՏՕ-ն անձնակազմ չի ուղարկում Ուկրաինա, ուկրաինացի զինվորականները վերապատրաստում են անցնում Հյուսիսատլանտյան դաշինքի տարածքում՝ հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, հերթական անգամ շեշտել՝ ՆԱՏՕ-ն իրեն հակամարտության կողմ չի համարում։
Նա նաև հույս է հայտնել, որ դաշինքի արտգործնախարարները Բուխարեստում նոյեմբերի 29-30-ը նախատեսված հանդիպման ժամանակ որոշում կկայացնեն Ուկրաինային ոչ մահաբեր ռազմական աջակցությունն ընդլայնելու մասին: Ստոլտենբերգի խոսքով՝ Բուխարեստի քննարկումներին հրավիրված են նաև Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի արտգործնախարարները:
«Հյուսիսատլանտյան դաշինքի դռները բաց են Կիևի համար։ Սա միայն խոսքեր չեն, մենք մեր գործողություններով բազմիցս ցույց ենք տվել մեր պատրաստակամությունը»,- հավելել է պաշտոնյան:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԱԿԱՌԵԿՈՐԴ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ
Չինաստանում արդեն երկու օր անընդմեջ կորոնավիրուսով վարակման հակառեկորդ է գրանցվում: Մեկ օրում շուրջ 32.000 դեպք է արձանագրվել: Սա Չինաստանում հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն է համավարակի ողջ ընթացքում։
Մի քանի շաբաթ առաջ Չինաստանի իշխանությունները հայտարարել էին սահմանափակումների թուլացման մասին, սակայն հիմա կրկին ստիպված են խստացնել հակահամաճարակային միջոցառումները: Մեծ քաղաքներում հայտարարվել է մասնակի լոքդաուն, իրականացվում է զանգվածային թեստավորում։ Պեկինում դպրոցները չեն աշխատում, մայրաքաղաք մուտք գործելու համար հարկավոր է ներկայացնել ՊՇՌ բացասական թեստ։