Օրենսդրական փաթեթի նպատակը միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի այնպիսի վերանայումն է, որ այն իրապես ծառայի հարկման այս համակարգի առջև սկզբնապես դրված նպատակներին. ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե և ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Նրա տեղեկացմամբ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգը սկզբնապես բնութագրվում էր որպես հարկման արտոնյալ համակարգ, որի նպատակն էր բնակչությանը ծառայություններ մատուցող, բնակչության համար աշխատանքներ կատարող և ապրանքներ մատակարարող փոքր տնտեսավարող սուբյեկտների համար ստեղծել հարկման արտոնյալ պայմաններ: Համակարգի կիրառության ընթացքում պարզվել է, որ դրանից օգտվում են ոչ միայն բնակչությանը ծառայություններ մատուցող, բնակչության համար աշխատանքներ կատարող և ապրանքներ մատակարարող փոքր տնտեսավարող սուբյեկտները, այլ նաև այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք եկամուտներ են ստանում այլ տնտեսավարող սուբյեկտներից: Ուստի առաջարկվում է սահմանել, որ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում Հարկային օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողներից ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով կատարվող ծախսերը, ինչպես նաև շենքերը, շինությունները, բնակելի կամ այլ տարածքները, հողամասերն անհատույց օգտագործման վերցնելու գործարքների գծով ծախսերը: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել նաև վարձակալական վճարի, տոկոսի (բացառությամբ սպասարկող բանկում առկա ընթացիկ հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվեգրվող տոկոսի) և (կամ) ռոյալթիի ստացում նախատեսող` գործող պայմանագրի` վարձակալական վճար, տոկոս և (կամ) ռոյալթի ստացող կողմ հանդիսացող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից օրենսգրքով սահմանված կարգով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից:
«Այս առաջարկների նպատակը հարկերից խուսափելու սահմանափակումն է»,- ընդգծել է փոխնախարարը:
Նախագծի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ծովինար Վարդանյանը: Նրա գնահատմամբ փաթեթի ընդունումը բիզնեսի համար ավելի առողջ ու մրցակցային դաշտ կապահովի: Պատգամավորի խոսքով որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ օգտվել են միկրոձեռնարկատիրության հարկային արտոնյալ համակարգից և ավելի նվազ ցույց տալով իրենց եկամուտները` խուսափել հարկերը վճարելուց:
Փաթեթի ընդունումը միկրոբիզնեսի համար կարևորել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանը և Բաբկեն Թունյանը:
Բաբկեն Թունյանն արձագանքել է ընդդիմադիր գործընկերներին` նշելով, որ օրենսդրական նախաձեռնությունը չի քննարկվում հրատապ կարգով, քանի որ այն շրջանառության մեջ է դրվել հոկտեմբերի 11-ից: «Պատգամավորների կողմից առաջարկներ ներկայացնելու ժամկետը լրացել էր, որևէ առաջարկ չի ներկայացվել, և հանձնաժողովը սահմանված կարգով այն քննարկել է նախորդ օրը, որին ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել»,- ասել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը:
Խորհրդարանն օրենսդրական փաթեթը քննարկել է նոյեմբերի 24-ին: