ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծվել Ներքին գործերի նախարարություն:
Նոր նախարարության ստեղծումը, ըստ նախագծի, թույլ կտա նաև ապահովել ոստիկանության ոլորտի թե՛ խորհրդարանական, թե՛ քաղաքացիական վերահսկողություն, ինչպես նաև այն կդառնա ոլորտի բարեփոխումների իրագործողն ու պատասխանատուն:
«Ներքին գործերի նախարարությունը ներառելու է 3 խոշոր ծառայություն՝ ոստիկանությունը, փրկարար ծառայությունը և միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:
Նախարարությունում կկենտրոնացվի ֆունկցիոնալ 5 հիմնական ոլորտ՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում և բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա և քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում և հումանիտար հարցեր»,- ասաց Մինասյանը:
Մինասյանի խոսքով՝ նոր նախարարության ստեղծման փաթեթի մշակման փուլում իրականացվել են դրա կազմում ընդգրկվող բոլոր ծառայությունների և մարմինների, դրանց գործառույթների մասնագիտական խոր ուսումնասիրություններ:
«Ծառայությունների ղեկավարները նշանակվելու են վարչապետի կողմից, տեղակալները՝ ՆԳ նախարարի առաջարկությամբ նշանակվելու և ազատվելու են կրկին վարչապետի կողմից»,- ասաց Մինասյանը:
Անդրադառնալով թեմային՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախագծի նպատակը նոր որակի ոստիկանություն ու փրկարար ծառայություն ունենալն է:
«Մեր կարգավորումներով՝ ոստիկանության պետը կլինի ՆԳ նախարարի տեղակալ: Ոստիկանության պետը կլինի նաև անվտանգության խորհրդի անդամ: Մենք ոստիկանության զորքերը կվերակազմակերպենք որպես ոստիկանության գվարդիա: Այն ավելի ընդլայնված գործառույթներ կունենա անվտանգության ապահովման առումով, քան այսօր ունեն ոստիկանության զորքերը»,- ասաց Փաշինյանը:
Ավելի ուշ՝ Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում, Մինասյանը տեղեկացրեց, որ ժամկետների մասով միջնորդել են, որպեսզի հրատապության ռեժիմով քննարկվի ԱԺ-ում նոր նախարարության ձևավորման փաթեթը:
«Այն շատ ծավալուն է, հանրային իրազեկվածության մասով ապահովված է, քննարկումներ են տեղի ունեցել արդեն մի քանի ամիս, և եթե ԱԺ-ի մեր գործընկերները հավանության արժանացնեն փաթեթը, տարեվերջին արդեն կունենանք ձևավորված նոր ՆԳՆ: Բայց շատ կարևոր է ընդգծել, որ անցումային փուլ ենք նախատեսել 4 ամիս, որի ընթացքում ԱԻՆ-ը իրականացնելու է իրենց նախարարության դադարեցման այդ գործառույթը, և նպատակն այն է, որ այդ ամբողջ մեծ ռեֆորմին անցում տեղի ունենա»,- տեղեկացրեց Մինասյանը: