Նոյեմբերի 23-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է ՌԴ Սվերդլովսկի մարզի պատվիրակությանը՝ նահանգապետի տեղակալ Դմիտրի Իոնինի գլխավորությամբ։
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով երկուստեք հումանիտար, տնտեսական, միջմշակութային համագործակցությունը, որի վառ օրինակն է Եկատերինբուրգում գտնվող հայկական ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը։
Դմիտրի Իոնինը նշել է, որ Հայաստանը կարող է դարպաս հանդիսանալ և հնարավորություն ընձեռել ռուսական ընկերություններին մուտք գործելու Մերձավոր Արևելքի շուկա։ Իոնինը ներկայացրել է Սվերդլովսկի մարզում գործող արդյունաբերական ընկերությունները և համագործակցային հնարավորությունները։
Հանդիպմանը մասնակցել են նաև ռուսական «Էներգո ՌՍ» ՍՊԸ, «ՈՒԷՏՄ-Մոնտաժ» ՍՊԸ և արտադրական «ՍԿԲ Կոնտուր» ընկերությունների տնօրենները, որոնք ներկայացրել են ընկերությունների ծավալած գործունեությունները, Հայաստանում գործելու հնարավորությունն ու հեռանկարները, խնդիրներն ու ակնկալվող աջակցությունը՝ նշելով, որ Հայաստանը ունի հսկայական տնտեսական կապեր և գտնվում է առևտրական հիմնական ուղիների խաչմերուկում, ինչը խթան է հանդիսանում այստեղ բիզնես գործունեություն ծավալելու։
Վաչե Տերտերյանը հյուրերին ներկայացրել է էներգետիկ ոլորտում գործող հայկական կազմակերպությունները և առաջարկել ռուսական ընկերությունների հետ համագործակցությունը առավել հասանելի դարձնելու համար մշակել ճանաչողական և կապերի հաստատման հանդիպման օրակարգ։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել սերտ համագործակցությունը և մշակել ապագայում ստորագրվելիք գործընկերային համաձայնագիրը, որը կնպաստի ինչպես միջմարզային, այնպես էլ տնտեսվարող համայնքների միջև համագործակցությանը։