ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՎԱՆԱԿԱՆ ԼԻՆԵԼ. ՓԱՇԻՆՅԱՆ
ՀԱՊԿ գագաթնաժողովում թեև չի հաջողվել երկու կարևոր փաստաթղթերի շուրջ ընդհանուր հայտարարի գալ, բայց, վարչապետի գնահատմամբ՝ տեղի է ունեցել բաց, անկեղծ, դրական քննարկում: Նիկոլ Փաշինյանը հուսով է՝ լրամշակումից հետո հնարավոր կլինի համաձայնության գալ:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Չնայած հռչակագիրը չընդունվեց, չստորագրեցինք հռչակագիրը, սեպտեմբերի 13-ի էսկալացիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը չընդունվեց մեր չստորագրելու պատճառով, բայց դրական եմ համարում քննարկումը, ՌԴ նախագահի հետ բանակցությունները: Հույս ունեմ՝ դրանք հնարավորինս արագ կիրականացվեն:
ՌԴ նախագահի հետ բանակցությունների արդյունքներն ամփոփելով՝ վարչապետը խոսեց նաև «Հայկական խաչմերուկ» ծրագրից: Հնարավոր է՝ սկսվեն Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու վերականգնման աշխատանքները:
Նիկոլ Փաշինյան - ՌԴ նախագահի հետ բանակցությունների ընթացքում ազդակներ ստացանք, ինչը նշանակում է, որ կարող է հնարավոր լինել երկաթուղու վերականգնումը: Նախորդ դառը փորձը հաշվի առնելով՝ հիմա ուզում եմ տեղեկատվությունը կիսել, բայց ասել, որ այս ամենը դեռ պետք է վերահաստատվի և արձանագրվի: Բայց լավ է, որ մենք ֆինանսական հնարավորությունների խնդիր չենք ունենա:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կառավարության օրակարգի գլխավոր հարցն էլ կառուցվածքային փոփոխության մասին է: Հայաստանում կստեղծվի ներքին գործերի նախարարություն: Այն կներառի երեք խոշոր ծառայություն՝ ոստիկանությունը, փրկարար, միգրացիայի և քաղաքացիության ծառայությունները: Արդարադատության փոխնախարարի խոսքով՝ կառույցը կապահովի ոստիկանության նկատմամբ թե՛ խորհրդարանական, թե՛ քաղաքացիական վերահսկողություն:
Գրիգոր Մինասյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Նախարարի անմիջական ենթակայությամբ նախատեսվելու է ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը, որն ապահովելու է գերատեսչական վերահսկողություն ամբողջ համակարգի ծառայության որակի նկատմամբ:
Ծառայությունների ղեկավարներին կնշանակի վարչապետը, տեղակալներին՝ կրկին վարչապետը՝ ներքին գործերի նախարարի առաջարկով: Նախագծով առաջարկվում է զուգահեռաբար դադարեցնել արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը. դրա համար որպես անցումային փուլ նախատեսվել է մինչև չորս ամիս:
Գրիգոր Մինասյան - Նախագծերի ընդունումից հետո որոշակի կարճ ժամանակահատված ունենալու ենք կառավարության 13 անդամ, որից հետո, երբ ամբողջությամբ դադարեցվի արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը, կվերադառնանք 12 անդամով գործունեության ծավալմանը: Նման լուծումը երաշխավորում է այս մեծ ռեֆորմի ընթացքում հանրությանը մատուցվող ծառայությունների անգամ մեկ րոպե կանգ չունենալը:
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՈՒՆԵՆԱԼ ՆՈՐ ՍՏԱՆԴԱՐՏԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓԾ
Կառուցվածքային այս փոփոխությունը չի վերաբերում միայն օպտիմալացմանը՝ նշեց վարչապետը: Ըստ Փաշինյանի՝ խորքային, հեռանկարային իմաստը նոր ստանդարտի ոստիկանություն և փրկարար ծառայություն ունենալն է: Նպատակն է բարձրացնել համակարգի աշխատանքի արդյունավետությունը՝ ասաց վարչապետը: Մանրամասնեց՝ կարգավորումներով ոստիկանության պետը կլինի ներքին գործերի նախարարի տեղակալ, ինչպես նաև Անվտանգության խորհրդի անդամ: Ոստիկանության զորքերը կվերակազմակերպվեն որպես ոստիկանության գվարդիա, որը կունենա ավելի ընդլայնված գործառույթներ:
Նիկոլ Փաշինյան - Հենց նախարարության ձևավորման մեկնարկից պետք է կամավոր ատեստավորման գործընթացը, որի նպատակը կլինի ոստիկանության և փրկարար ծառայության ծառայողների աշխատավարձերի առնվազն կրկնապատկումը: Սա նոր որակի ոստիկանություն և փրկարար ծառայություն ունենալու մեր ստանդարտի և ցանկության մեջ է:
Վարչապետի խոսքով՝ զուգահեռաբար այդ ամենը կկիրառվի նաև Ազգային անվտանգության ծառայության, Պետական պահպանության ծառայության ոլորտներում:
Նիկոլ Փաշինյան - Այս փուլում մեխանիզմը ներդնում ենք այն ծառայությունների համար, որոնք զինվորական բնույթի ծառայություն ուսադիր կրող մարդկանց համար ենք այս համակարգը ներդնում: Կարճ ասած՝ ուսադիրներ կրող մարդկանց համար ենք մենք այս համակարգը ներդնում: 2023 թվականից գործընթացը պետք է գնա նաև Քրեակատարողական ծառայության համակարգում, և 2023 թվականին արդեն բոլոր համակարգերում պետք է լինեն մարդիկ, ովքեր արդեն կաշխատեն կրկնապատկված աշխատավարձերով:
2023-ից կստեղծվեն նոր ստանդարտի ոստիկանության տարածքային կառույցների շենքեր. նախագծման աշխատանքները մեկնարկել են: Վարչապետը նշեց, որ կսկսեն Մեղրիից: Մինասյանն էլ հիշեցրեց, որ հունվարին պարեկային ծառայությունը կգործարկվի Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում: Վարչապետի տեղեկացմամբ՝ պարկային ծառայության նոր մեքենաները հասել են Հայաստան, դրանք այժմ կահավորվում են: Ստեղծվելիք գերատեսչությանն անդրադառնալով՝ Մինասյանը մանրամասնեց՝ նախատեսվում է ունենալ ոստիկանության գվարդիայի տրամաբանության ներքո միջմարզային կառույցներ:
Գրիգոր Մինասյան - Կներառվեն երեք հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներ՝ ոստիկանության զորքերը, ճանապարհային ոստիկանության ուղեկցող գունդն ու պետական պահպանության գլխավոր վարչությունը: Մեկ միասնական համար, որ քաղաքացին զանգելով կհասկանա, որ կհասնեն օգնության:
ՊՊԾ-Ն ԿԱՌԱՆՁՆԱՆԱ ԱԱԾ-ԻՑ
Արմեն Գրիգորյան (ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար) - Մենք նաև չզեկուցվող հարցերով ԱԱԾ մարմիններից ՊՊԾ-ն առանձնացնում ենք, դառնում է առանձին մարմին: Նախկինում այս կարգավորման շրջանակներում նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանության ծառայություն: Այժմ այդ ծառայությունը նախագահին կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո ևս յոթ տարի: Վարչապետի դեպքում դա կլինի 10 տարի:
Պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին, ինչը նաև ԱԱԾ բարեփոխումների շրջանակում է: Փաշինյանն անհրաժեշտ է համարում Ազգային անվտանգության ծառայության կարողությունների մեծացումը՝ երեք հիմնական ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյան - Առաջինը՝ հակահետախուզություն: Իհարկե ուզում էի ասել գոհունակությամբ, բայց ոչ այդքան գոհունակությամբ: Այդ առումով ԱԱԾ-ն աննախադեպ հաջողություններ ունի: Ցավալի է, որ նման երևույթներ կան, մյուս կողմից՝ կարևոր է, որ երկիրն ունենա կառույց, որն ի վիճակի է այդ ամենը բացահայտել, պայքարել: Երկրորդը ահաբեկչության դեմ պայքարն է, երրորդը՝ սահմանադրական կարգի պահպանություն:
1 ՄԼՐԴ 933 ՄԼՆ ԴՐԱՄ՝ 96 ԴՊՐՈՑԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՀԱՄԱՐ
Գործադիրը 1 մլրդ 933 մլն դրամ հատկացրեց 96 դպրոցի շենքային պայմանների բարելավման և գույքով ապահովման համար: Վարչապետի խոսքով՝ հանրակրթության ոլորտում ռազմավարական ներդրումներ իրականացնելու որոշման թափանիվը սկսել է շարժվել:
Նիկոլ Փաշինյան - Նույնիսկ ամենափոքր կոսմետիկ նորոգումը պետք է տեղի ունենա նոր ստանդարտով: Միայն ծեփամածիկի որակի մասին չէ, դիզայնի որակի մասին նույնպես: Շատ խոսել ենք, կխոսենք, քանի դեռ չտեսնեմ, որ հստակ արտահայտված է, դիտողության տեղ չկա:
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔ-ՀՆԱ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 50% Է. ՎԱՐՉԱՊԵՏ
Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև մեկ շաբաթ առաջ ստորագրված վարկային համաձայնագիրը վավերացնելու նախագծին: Նախատեսվում է Հայաստանին տրամադրել 100 մլն եվրո, որը կուղղվի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը:
Տիգրան Խաչատրյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Հաշվի առնելով ավելացող համագործակցության ծավալները՝ Զարգացման ֆրանսիական գործակալության որոշել է Երևանում բացել մշտական ներկայացուցչություն, գալիք տարի ներկայացուցիչը կլինի: Վարկը՝ 20 տարի, 5-ը՝ արտոնյալ:
Բյուջետային աջակցության նպատակով Ասիական զարգացման բանկը 100 մլն դոլար կտրամադրի: Համապատասխան համաձայնագրին ևս գործադիրը հավանություն տվեց:
Նիկոլ Փաշինյան - Այսօր ունենք վիճակ, երբ պետական պարտք -ՀՆԱ հարաբերակցությունը 50 տոկոս է, սա, մեղմ ասած, դրական ցուցանիշ է: Մեծապես կախված է պետական պարտքի կառավարման որակից: Ասում են՝ պետական պարտքը դարձել է 10 մլրդ, դա էական չէ, էական է ՀՆԱ-ի նկատմամբ պարտքն ինչ ծավալ է կազմում: Մենք համարվում ենք միջին, թե ցածր պարտքային բեռ ունեցող:
Տիգրան Խաչատրյան - Օրենքով ունենք կարգավորումներ, 2023-ի վերջին 49 տոկոս պարտք կունենանք:
Նիկոլ Փաշինյան - Շատ լավ նորություն է: 2022-ի հոկտեմբերին աշխատատեղերի բացարձակ ռեկորդ ունենք: Հոկտեմբերին գրանցվել է 696445 աշխատատեղ՝ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ 42623-ով ավելի ունենք:
4 ՏԱՐՎԱ ՊԱՅՔԱՐԻՑ ՀԵՏՈ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՒՄ Է ԽԱՂԱՅԻՆ ՈԼՈՐՏԸ. ՓԱՇԻՆՅԱՆ
Կառավարության չզեկուցվող հարցերից էր խաղային ոլորտում՝ ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների համար սահմանված վճարման կարգը: 2023-ի հուլիսից դրանց համար կպահանջվի լրացուցիչ պետական տուրք՝ կախված խաղադրույքի շրջանառությունից:
Նիկոլ Փաշինյան - 4 տարվա համառ և երկարատև պայքարից հետո կարողանում ենք խաղային ոլորտը կարգավորել: Հիմա բուքմեյքերներ և օնլայն կազինոների ոլորտում ունենք պետական տուրք՝ տարեկան 600 մլն դրամի չափով: Հիմա մենք ասում ենք՝ այդ գումարը մուծում եք, աշխատում եք՝ շատ լավ, բայց ամեն 100 միլիարդ դրամ խաղադրույքի համար պետք է լրացուցիչ 75 մլն դրամ տուրք վճարեք: Սա ազնիվ է, որովհետև կախված նրանից, թե որքան հաջողակ է տվյալ ընկերությունը, համապատասխանաբար ավելանում է գումարի չափը:
ՊԵԿ-ն ու ֆինանսների նախարարությունը համատեղ մշակում են խաղատների, շահումներով խաղերի հաշվարկման և հարկման նոր համակարգ: