ԱԼԻԵՎԸ ԲԱՔՎՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԽՈՎԱԵՎԻՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր Բաքվում ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գծով ՌԴ արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Ադրբեջանական կողմը հանդիպման մանրամասները չի հայտնում։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Խովաևը Բաքվում քննարկելու է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը: Մարիա Զախարովայի խոսքով` հանդիպման ընթացքում քննարկվելու են նաև խաղաղության պայմանագրին առնչվող հարցերը։
Ավելի վաղ Խովաևն այցելել էր Հայաստան: Նրան ընդունել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
ԵՄ-Ն ՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ՌԴ-Ի ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ 9-ՐԴ ՓԱԹԵԹԸ
Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը. Ֆինլանդիայում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը: Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ քրտնաջան աշխատում են Ռուսաստանի պատերազմելու կարողությունները թուլացնելու ուղղությամբ: Եվրահանձնաժողովի ղեկավարը նաև վստահություն է հայտնել, որ շուտով G7-ի և մյուս գործընկերների հետ կհաջողվի հաստատել ռուսական նավթի համաշխարհային գնի առավելագույն սահմանաչափ:
«Մենք չենք հանգստանա այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի հաղթել Պուտինին»,- հայտարարել է Ֆոն դեր Լայենը:
ԱՄՆ ՊՆ-Ն ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը խորապես անհանգստացած է Հյուսիսային Սիրիայում, Իրաքում և Թուրքիայում գործողությունների սրմամբ, հայտարարություն է տարածել Պենտագոնի մամուլի քարտուղար, բրիգադային գեներալ Պատրիկ Ռայդերը: Այս էսկալացիան սպառնում է «Իսլամական պետությանը» թուլացնելու և հաղթելու համաշխարհային կոալիցիայի» առաջընթացին:
«Չհամակարգված ռազմական գործողությունները սպառնում են Իրաքի ինքնիշխանությանը»,- ասվում է հայտարարության մեջ:
Պենտագոնը նաև մտահոգություն է հայտնել քաղաքացիական ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորման մասին հաղորդագրություններով:
ԶԱՊՈՐՈԺԻԵԻ ԱԷԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտու ստեղծման հարցով Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության խորհրդակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ շարունակվում են, առաջընթաց կա՝ հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրենը։
«Սա իսկական պատերազմ է, և անվտանգության գոտին, որը ես առաջարկում եմ ստեղծել, գտնվում է հենց առաջնագծում, հակառակորդների շփման գծում։ Կարծում եմ՝ մենք առաջ ենք շարժվում»,- նշել է Ռաֆայել Գրոսին։
Նա նաև նշել է, որ շատ դժվար է որոշել, թե որ կողմն է հարվածներ հասցնում ատոմակայանին, բայց կազմակերպության խնդիրն է ապահովել նրա անվտանգությունը:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը հայտարարել էր, որ «Զապորոժիեի ԱԷԿ-ի հրետակոծումը անխոհեմ և դատապարտելի արարք է»: Այսօր թեմային անդրադարձել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը: Սերգեյ Ռյաբկովի խոսքով՝ Մոսկվան անում է հնարավորը Զապորոժիեի ատոմակայանի շուրջ անվտանգության խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար։ Դիվանագետը հույս է հայտնել, որ ԱԷՄԳ-ի ղեկավարությանը կհաջողվի համոզել Ուկրաինայի իշխանությանը դադարեցնել իր հանցավոր գործողությունները ատոմակայանի տարածքում:
ՍԵՐԲԻԱՆ ԵՎ ԿՈՍՈՎՈՆ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ ԵՆ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ. ԲՈՐԵԼ
Սերբիայի և Կոսովոյի բանակցողները Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն են ձեռք բերել ավտոհամարանիշների վիճելի հարցում, ինչը թույլ կտա խուսափել էսկալացիայից՝ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչը: Ժոզեպ Բորելը մանրամասնել է, որ Սերբիան կդադարեցնի պետհամարանիշներ թողարկել, որոնց վրա նշված կլինեն Կոսովոյում գտնվող քաղաքների անունները։ Կոսովոն իր հերթին զերծ կմնա ավտոմեքենաների վերագրանցմանն ուղղված հետագա գործողություններից։ Բորելը նշել է նաև, որ կողմերը կշարունակեն քննարկել ԵՄ առաջարկի շրջանակում հարաբերությունների կարգավորմանն ուղղված հաջորդ քայլերը: