Վիշեգրադյան խմբի հանդիպմանը Լեհաստանը մտադիր է Հունգարիային համոզել վավերացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության փաստաթղթերը: Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին:
«Ես վարչապետ Վիկտոր Օրբանի հետ կխոսեմ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի շուտափույթ անդամակցությանը Հունգարիայի համաձայնության մասին: Հուսով եմ, որ համոզելու այդ փորձն արդյունավետ կլինի։ Դա կարևոր է Լեհաստանի և Եվրոպայի շահերի համար»,- հավելել է Մորավեցկին։
Հունգարիայի կառավարությունը հայտարարել էր, որ երկրի Պետական ժողովը կվավերացնի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունները մինչև աշնանային նստաշրջանի ավարտը՝ դեկտեմբերի կեսը: Այս հարցն ընդգրկված է աշնանային նստաշրջանի օրակարգում, սակայն դեռ որոշված չէ, թե երբ է տեղի ունենալու քվեարկությունը։