ԻՐԱՆԸ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ
«Իրանը տարածաշրջանի երկրների տարածքների նկատմամբ հավակնություններ չունի, սակայն տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն կարժանանա Իրանի պատասխանին՝ հայտարարել է Իրանի արտգործնախարարը: Ամիր Աբդոլլահիանը շեշտել է, որ Թեհրանը Ադրբեջանը և Հայաստանը դիտարկում է որպես Իրանի երկու հարևաններ և առաջնահերթություն չի տալիս կողմերից որևէ մեկին:
Անդրադառնալով ուկրաինական պատերազմում Իրանի անօդաչու թռչող սարքերի օգտագործման վերաբերյալ պնդումներին՝ Իրանի գլխավոր դիվանագետը պարզաբանել է, որ մինչև հիմա ոչ մի ապացույց չի ներկայացվել Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողության ընթացքում իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին:
Աբդոլլահիանն անդրադարձել նաև 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ Միացյալ նահանգների հետ բանակցությունների թեմային, ընդգծել՝ դրանք շարունակվում են, սակայն տարաձայնությունները պահպանվում են:
ՄԱԿ ԱԽ-Ն ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՐՑՈՎ ՀՐԱՏԱՊ ՆԻՍՏ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ
ՄԱԿ ԱԽ-ն Ուկրաինայի հարցով հրատապ նիստ է անցկացրել: Ուկրաինայի նախագահը նիստին մասնակցել է հեռավար: Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հարձակումները իր երկրի էներգետիկ ենթակառուցվածքների վրա «մարդկության դեմ ուղղված հանցագործություն» են։ Նրա խոսքով՝ տասնյակ միլիոնավոր մարդիկ Ուկրաինայում մնացել են առանց էներգիայի մատակարարման, առանց ջեռուցման, առանց ջրի:
Իր ելույթում նա ևս մեկ անգամ շեշտել է, որ Մոսկվան պետք է զրկվի ՄԱԿ ԱԽ-ում մշտական անդամի կարգավիճակից: Զելենսկին հավելել է, որ Եվրախորհրդարանի կողմից Ռուսաստանը որպես «ահաբեկչության հովանավոր պետություն» ճանաչող բանաձևի ընդունումից հետո իրավական հետևանքների պետք է սպասել, այլ ոչ միայն քաղաքական։
Ուկրաինայի ղեկավարը տեղեկացրել է, որ Ռուսաստանի հետ ռազմագերիների փոխանակման հերթական փուլի արդյունքում Ուկրաինա է վերադարձել 35 ռազմագերի և մեկ քաղաքացիական անձ։
ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչն իր ելույթում ընդգծել է, որ հակամարտության այս փուլում Մոսկվայի նպատակը Ուկրիանայի էներգետիկ ենթակառուցվածքները ավերակաների վերածելն է: Լինդա Թոմաս-Գրինֆիլդը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը, չկարողանալով գրավել Ուկրաիանան, փորձում է մարդկանց տառապանք պատճառելով զավթել երկիրը:
Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչն արձագանքել է՝ Մոսկվան հարվածներ է հասցնում Ոկրաինայի ենթակառուցվածքին՝ ի պատասխան Ուկրաինա զենքի անզուսպ հոսքի և Ռուսաստանին հաղթելու անխոհեմ կոչերի։ Վասիլի Նեբենզյան նշել է, որ Ռուսաստանը կշարունակի նվազեցնել Կիևի ռազմական ներուժը այնքան, քանի դեռ Ուկրիանան ճիշտ դիրքորոշում չի ընդունել, որը թույլ կտա բանակցությունների շրջանակներում քննարկել և փորձել լուծել հարցերը, որոնք ստիպել են Մոսկվային սկսել ռազմական գործողություններ։
ԻՐԱՎԻՃԱԿՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՇՈՒՐՋ ԱՆՈՐՈՇ Է. ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ
Իրավիճակն ուկրաինական հակամարտության շուրջ անորոշ է՝ հայտարարել է թուրքիայի արտգործնախարարը: Մևլութ Չավուշօղլիի խոսքով, եթե այս պայմաններում խաղադրույք կատարվի «ռազմական բաղադրիչի» վրա, ապա հակամարտությունն Ուկրինայում կարող է ձգվել տասնամյակներով: Թուրքիայի արտգործնախարարը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը վաղ թե ուշ ավարտվել է բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե մարտի դաշտում գրանցված հաջողությունների ֆոնին: Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության թեմային անդրադարձել է նաև Ռուսաստան նախագահի մամուլի քարտուղարը: Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հատուկ ռազմական գործողության ապագան հաջողությունը կասկածից վեր են:
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԵՄ ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Եվրախորհրդարանի պատգամավորները հաստատել են ԵՄ հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, որը կենտրոնացած է Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների ն և համավարակից հետո վերականգնման գործընթացի վրա: Քննարկման ընթացքում զեկուցողները հայտարարել են, որ լրացուցիչ միջոցներ է հատկացվել ուկրաինացի հասարակության հումանիտար խնդիրների լուծմանը, տարբեր ծրագրերի միջոցով ավելի քան 290 միլիոն եվրո է նախատեսվում տրամադրել Կիևին: 2023 թվականի բյուջեյով նախատեսվում է շարժվել դեպի ավելի կանաչ, ավելի թվային և ավելի ճկուն Եվրոպա: