ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, և ռազմական օգնության ակնկալիքից զերծ, նաև կարող է լինել քաղաքական գնահատականի սպասումներ։ Հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի հռչակագիրը և Հայաստանին օգնություն տրամադրելու նախագիծը չստորագրելու որոշմանը: Հավելեց՝ քաղաքական գնահատականը չի բավարարել:
Ալեն Սիմոնյան (Ազգային ժողովի նախագահ) - Այսօր երրորդ երկրի զորքերը գտնվում են ՀԱՊԿ տարածքում։ Եվ ես չգիտեմ, թե ՀԱՊԿ երկրները դրա հետ ոնց են մերվում, կամ դա ոնց են բացատրում, կամ ոնց են դրա շարունակությունը տեսնում:
Հայաստանը ՀԱՊԿ-ին անդամակցել է թուրք-ադրբեջանական տանդեմից պաշտպանվելու համար. Ազգային ժողովի նախագահը զավեշտալի է համարում, որ երբ եկել է ժամանակը, Հայաստանը ռազմական ու քաղաքական մասով բավարար աջակցություն չունի։
Ալեն Սիմոնյան - Եթե մենք բավարար աջակցություն ունենք, ապա ինչի՞ մենք մինչև հիմա ունենք ռազմագերիներ, եթե մենք բավարար աջակցություն ունենք, ապա ինչո՞ւ եղավ Սև լիճը, ինչու եղավ Խծաբերդը, ինչու եղավ Ջերմուկի ուղղությամբ ներխուժելը։ Երբ խոսում ենք Ռուսաստանի՝ այստեղի զորքերի մասին, մենք էդ հարցերի պատասխանը պետք է հասկանանք, եթե կան, բա ո՞նց տենց եղավ»:
Անդրադառնալով ՀԱՊԿ անդամ երկրների վերազինմանը, ռազմական տեխնիկայի վերանայմանը՝ Սիմոնյանն ասաց՝ այն ռազմական մոդելը, որը կար հետսովետական տարածքում, իրեն արդեն չի արդարացնում:
Ալեն Սիմոնյան - Եվ դրա ապացույցները բազմաթիվ են և ոչ միայն Հայաստանում կամ Ադրբեջանում տեղի ունեցած գործողությունների ժամանակ։ Եվ սրա վերաբերյալ հայաստանյան կողմն առնվազն իր հետևություններն արել է և գործուն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ:
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՀԱՊԿ-Ի ՀԵՏ ԼԱՎ ՉԻ ԱՇԽԱՏԵԼ. ՄԱՄԻՋԱՆՅԱՆ, ԽԱՄՈՅԱՆ
Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ Ագենսա Խամոյանն ու Հայկ Մամիջանյանը ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը չմեկնաբանեցին, սլաքներն ուղղեցին իշխանությունների վրա: Պնդեցին՝ արձագանքը բավարար չէ, քանի որ հայկական կողմը կառույցի հետ լավ չի աշխատել, մատնանշեցին անգամ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ 2018-ի քրեական հետապնդումը: Խաչատուրովը մեղադրվում էր Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար:
Հայկ Մամիջանյան («Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար) - Գուցե չարժեր ՀԱՊԿ պաշտոնյային առանց հետ կանչելու կամ առանց փոփոխելու՝ նրա հանդեպ քաղաքական մոտիվներով հետապնդում սկսել։
Ագնեսա Խամոյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Ես ուզում եմ հիշեցնել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ քրեական գործ էին հարուցում, կալանավորում էին և իրենց ուղիղ և անմիջական ազդեցությունն էին ունենում ՀԱՊԿ-ի իմիջի վրա:
ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ՄԱՆԴԱՏԸ ՎԱՅՐ ԴՆԵՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՈՐՈՇ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ
Ներքաղաքական հարցերին անդրադառնալով՝ Խամոյանը չհերքեց, որ «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ գուցե մանդատները վայր դնեն:
Ագնեսա Խամոյան - Այո կարող են լինել պատգամավորներ, որոնք իրենց անձնական պատճառներից ելնելով այլ պատճառներից, հանգամանքերից ելնելով՝ նման որոշում կարող են կայացնել: Այստեղ բռնապետական ռեժիմ չէ:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ մանդատից կհրաժարվեն ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ու «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, որն ըստ մամուլի՝ խնդիրներ ունի «Հայաստան» դաշինքը ղեկավարող Ռոբերտ Քոչարյանի հետ: Ընդդիմադիր խմբակցությունում ենթադրյալ պառակտման մասին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեռ շաբաթներ առաջ էր հայտարարել, այսօր հավելեց:
Ալեն Սիմոնյան - Իհարկե, շարունակվելու ա պրոցեսը:
- Ինչո՞ւ եք այդպես կարծում:
-Չեմ կարծում, գիտեմ:
Սիմոնյանը անդրադարձավ նաև «Հայաստան» խմբակցությունից երեք պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու լուրերին:
Ալեն Սիմոնյան - Ենթադրում եմ, որ՝ այո: Այլ տեղեկություններ չունեմ, բայց մեր մամուլը շատ լավ է աշխատում և շատ հաճախ ավելի տեղեկացված է, քան բարձրաստիճան պաշտոնյաները, ուստի ենթադրում եմ, որ այդ անունները ճիշտ են, և գործընթաց կսկսվի:
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանին և Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան