Սիրիայի հյուսիսում «Սուր-ճանկ» գործողության շրջանակում Թուրքիայի կողմից իրականացվող ավիահարվածները սպառնալիք են ներկայացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ պայքարում տարիներ շարունակ գրանցված առաջընթացի համար: Այս մասին ասված է Պենտագոնի մամուլի քարտուղար, գեներալ Պատրիկ Ռայդերի գրավոր հայտարարության մեջ:
«Սիրիայում վերջին ավիահարվածներն ուղղակիորեն սպառնում են ամերիկացի զինծառայողների անվտանգությանը, որոնք Սիրիայում տեղի գործընկերների հետ աշխատում են ԻՊ-ի ջախջախման ուղղությամբ և կալանքի տակ են պահում ԻՊ-ի ավելի քան 10 հազար գրոհայինի»,- ընդգծել է պաշտոնյան:
Նրա խոսքով՝ չհամաձայնեցված ռազմական գործողությունները սպառնում են նաև Իրաքի ինքնիշխանությանը։
Ռայդերը շեշտել է՝ Միացյալ Նահանգները դատապարտում է գործողությունները, որոնց արդյունքում քաղաքացիական բնակչության մահվան դեպքեր են արձանագրվում:
«Մենք մտահոգված ենք նաև քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին դիտավորյալ հարվածներ հասցնելու մասին հաղորդագրություններով։ Մենք ճանաչում ենք Թուրքիայի օրինական շահերը անվտանգության ոլորտում։ Մենք կշարունակենք Թուրքիայի և մյուս գործընկերների հետ քննարկել հրադադարի մասին պայմանավորվածությունների պահպանումը»,- եզրափակել է գեներալը: