Սովորական ընթացակարգային բարեփոխումներ են. արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանն այսպես է արձագանքել «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով ԱԱԾ արխիվները գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով։
Նախարարի տեղակալի խոսքով՝ տարիների արխիվներ կան, որոնք չեն տեղավորվում, և այստեղ որևէ տողատակ պետք չէ փնտրել: Գրիգոր Մինասյանն անդրադարձել է նաև բանտային բարեփոխումներին:
Գրիգոր Մինասյան (արդարադատության նախարարի տեղակալ) - 2023 թվականի բյուջեով ահռելի գումարներ են նախատեսված հենց նոր բանտային պայմաններ ապահովելու տեսանկյունից, և առաջիկայում արդեն ունենք մեծ փաթեթ: Մրցույթը հայտարարվելու է, և նոր բանտ ենք սկսելու կառուցել Էրեբունի համայնքում, նոր կոմպլեքս, նաև այլ քրեակատարողական հիմնարկներում նախատեսվում են 1 միլիարդ դրամից ավելի վերանորոգումներ, կահավորումներ:
Հարցը լուծելու ենք, ուղղակի տարիների հավաքված պրոբլեմներ են, և միանգամից արդյունք տալը դժվար է, բայց պրոցեսները հաստատ գնում են դեպի առողջացում:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան