Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվել է «ԱՊՀ երկրների ոչ նյութական ժառանգության պահպանումը գլոբալ մարտահրավերների համատեքստում» միջազգային գիտագործնական սեմինարը, որին մասնակցել են նաև ՀՀ ներկայացուցիչները:
Սեմինարին զեկույցներով հանդես են եկել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ոլորտի գիտահետազոտական կազմակերպությունների, մշակութային և կրթական հաստատությունների մասնագետները՝ ներկայացնելով ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման իրենց երկրների փորձը։
Հայաստանից հանդես են եկել ՀՀ ԳԱԱ «Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Կարինե Բազեյանը՝ «Հայկական ժողովրդական արվեստի զարգացման դինամիկան. ավանդույթ և արդիականություն» և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Ասլանյանը՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը Հայաստանի համայնքներում» զեկուցումներով:
Ոչ նյութական մշակութային ժառանգության խնդիրներին վերաբերող համանման հանդիպումները նպաստում են ԱՊՀ տարածաշրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գործընթացների առավել արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև միջազգային հարթակներում Հայաստանի մշակութային ժառանգության հանրահռչակմանը: