Ներկայումս ենթասպայական կազմի և սպայական, մինչև փոխգնդապետ կոչում ունեցողների համար տարիքային շեմը 50 տարեկանն է, իսկ գնդապետի համար՝ 55-ը, որն էապես ցածր է զինվորական և դրան հավասարեցված այլ ծառայությունների համար ոլորտային օրենքներում նախատեսված սահմանային տարիքից: Առաջարկվում է վերանայել ԱԱԾ մարմիններում ծառայության սահմանային տարիքային շեմը՝ ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանն այսօր հրավիրված ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում:
Քննարկվել են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից:
Անդրանիկ Սիմոնյանը նշել է, որ այս սահմանափակումները հաճախ խոչընդոտներ են ստեղծում համակարգում որակյալ կադրերի համալրման տեսանկյունից:
Նախագծով առաջարկվում է ԱԱԾ մարմիններում ծառայողների՝ բացառությամբ բարձրագույն սպայական կազմի, տարիքային սահմանային տարիքը ավելացնել 2 տարով:
Առաջարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքների տրամաբանությամբ նշված պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը 5 տարվա փոխարեն մինչև 10 տարով երկարաձգելու հնարավորություն նախատեսել:
Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ նախագծով ԱԱԾ տնօրենին վերապահվում է իրավունք ծառայությունից արձակելու նաև դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած այն ծառայողին, որի նկատմամբ քրեական հետապնդումը չի իրականացվել կամ այն դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող, չարդարացնող հիմքերով:
ԱԱԾ տնօրենի տեղակալն առաջարկում է նաև ծառայողներին արտահերթ ատեստավորել ԱԱԾ ստորաբաժանումների ղեկավարների հիմնավորած զեկուցագրերի հիման վրա` ծառայության տնօրենի որոշմամբ: Առաջարկվել է նաև կատարել մի շարք տեխնիկական փոփոխություններ:
Անդրանիկ Սիմոնյանի գնահատմամբ՝ փոփոխությունները կլուծեն ՀՀ ազգային անվտանգության մարմինների գործունեության ընթացքում առաջացող գործնական խնդիրները, կբարձրանա կադրային քաղաքականության արդյունավետությունը, կբարելավվի ծառայության որակը, կհստակեցվեն լիազորությունները:
Օրենքների նախագծերի փաթեթի հրատապ ընդունումը թույլ կտա հնարավորինս շուտ կանխել ազգային անվտանգության համակարգից արհեստավարժ կադրերի հնարավոր արտահոսքը, թափուր պաշտոնները համալրել մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող կադրերով:
Քննարկման ընթացքում պատգամավորներն անդրադարձել են հակահետախուզական և օպերատիվ-հետախուզական գործունեության խնդիրներին:
Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ հաճախ այդ գործողություններին վերաբերող հասկացությունները նույնացվում են. առանձին դեպքերում դրանք ունեն արտաքին նմանություններ, բայց իրապես տարբեր են: Նա առաջարկել է այդ տարանջատումն ամրագրել օրենսդրորեն: Կադրային բազայի համալրման մասով պատգամավորը նշել է, որ առաջարկներ չունի:
Վիլեն Գաբրիելյանի՝ ազգային անվտանգության մարմինների գործունեությանը վերաբերող առաջարկներն առաջիկայում քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Քվեարկության արդյունքում նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: