Գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին», «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծերի նպատակը խաղային ոլորտի (ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի) հարկային բեռի վերանայումն է: Օրինագծերով առաջարկվում է բարձրացնել ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի պետական տուրքի գծով բեռը և կարգավորել խաղադրույքների հասկացության, ինչպես նաև խաղադրույքներ ընդունելու իրավունքի հետ կապված հարաբերությունները:
Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ՝ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 100 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը կազմում է 175 մլն դրամ, տոտալիզատորի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 50 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը կազմում է 50 մլն դրամ և այլն: Արդյունքում ակնկալվում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպիչների պետական տուրքի գծով բեռը բարձրացնելու միջոցով ապահովել խաղային ոլորտի համարժեք հարկում, ինչպես նաև կատարվող խաղադրույքների ծավալների կրճատում:
Օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 4 տարվա համառ և երկարատև պայքարից հետո կարողանում են խաղային ոլորտը կարգավորել: «Դուք գիտեք, որ դրա հետ կապված և՛ երևացող, և՛ չերևացող ամենատարբեր դիմադրություններ, երևույթներ կային, բայց որոշումը շատ կարևոր է, որ շատ ազնիվ է: Այդ ոլորտում մենք ունենք պետական տուրք՝ տարեկան 600 միլիոն դրամի չափով: Հիմա ասում ենք՝ այդ 600 միլիոն դրամը մուծում եք, աշխատում եք, շատ լավ, բայց ամեն 100 մլդ դրամ խաղադրույքի համար պետք է լրացուցիչ 175 մլն դրամ տուրք վճարեք, գումարած այդ 600 միլիոնը: Այսինքն՝ ազնիվ է, որովհետև կախված ինչքան հաջողակ է տվյալ խաղային բիզնեսով զբաղվող ընկերությունը, համապատասխանաբար ավելանում է»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը տեղեկացրել է նաև, որ Պետական եկամուտների կոմիտեն և Ֆինանսների նախարարությունը համատեղ մշակում են խաղատների, շահումների հաշվառման և հարկման նոր համակարգ. «Դա պարզ գործ չէ, այդտեղ լուրջ ծրագրային մոտեցումներ են պետք, և նաև կազմակերպական մոտեցումներ: Բայց նաև շատ կարևոր է, որ մենք այդ ուղղությամբ պիտի առաջ գնանք»:
Վարչապետը նաև նշել է. «Մենք այսօրվա օրենքով ունենք կարգավորումներ, որ կազինոների թույլտվություն, կազինոների գործելու հնարավորություն տվել ենք որոշակի տեղանքներում: Բայց նաև, եթե չեմ սխալվում, 100 միլիոն դոլար ներդրման պարագայում հնարավորություն կա ցանկացած տեղ բացել կազինոներ: Ֆինասների նախարարությունում քննարկման արդյունքում մենք հետևյալ անհրաժեշտությանը հանգեցինք, որ մեզ պետք է կարգավորում, թերևս կառավարության որոշում, որպեսի մենք ստեղծենք մեթոդաբանություն, թե ինչպես ենք հաշվառելու և հաշվարկելու, թե արդյոք 100 միլիոն դոլար ներդրում է արված:
Օրինակ, ասենք նույն Երևանում կարող են լինել և այդպիսի ազդակներ արդեն մենք ունենք, որ Երևանում 100 միլիոն և ավելի դոլար ներդրմամբ հյուրանոցներ են կառուցվում, որոնք նպատակադրում ունեն հետագայում կազինո բացելու, որը, բնականաբար, կլինի այսպես ասած, այլ կարգի կազինո, որը սոցիալապես անապահով խավի խաղադրույքների վրա աչք չի դնի, այլ բոլորովին այլ տրամաբանությամբ կաշխատի: Բայց խնդիր կա, թե մենք ինչ մեթոդաբանությամբ ենք հաշվառելու, թե արդյոք 100 միլիոն դոլար ներդրում արված է:
Հանձնարարականը տրված է, կարծում եմ՝ մի քանի ամսվա ընթացքում կարող ենք այդ նախագիծը դնել շրջանառության մեջ, որպեսզի այստեղ ամեն ինչ թափանցիկ լինի, հաշվարկելի լինի, ստուգելի լինի, որպեսզի որևէ չարաշահման կամ այլ երևույթների հնարավորություն չլինեն: Այսինքն՝ մենք այդ օրենքի տրամաբանությունը զարգացնում ենք, որպեսզի ամեն ինչ լինի ծայրահեղ թափանցիկ, հստակ, որովհետև հասկանալի է, որ այդտեղ ամենատարբեր շահեր կան: Մենք պետք է պետական շահը հստակ ձևակերպենք, որպեսզի այդ տրամաբանությամբ առաջնորդվենք»: