Շիրակի մարզի Աշոցք համայնքում շահագործման է հանձնվել թիվ 52 հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց շենքը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար, փոխգնդապետ Դանիել Սինգլթոնը, դեսպանատան Երկկողմ համագործակցության գծով սպա մայոր Մայքլ Հայեսը, պատգամավոր Կարեն Սարուխանյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը, փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, տեղակալ Կարապետ Մանուկյանը, ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներն ու ծառայողները:
«Լիահույս եմ, որ մեր միջև առկա բարեկամական փոխգործակցությունը կկրի շարունակական բնույթ, և վստահորեն կարող ենք փաստել, որ Արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության փոխհարաբերությունների միջև վերջին տարիներին գրանցվել է շարունակական առաջընթաց և զարգացում՝ դրանք բարձրացնելով որակապես նոր մակարդակի: Հարգելի պարոն Սինգլթոն, վստահ եղեք, որ Ձեր Կառավարության բարյացակամ օգնությունը լիովին հասցեական է, և մեկ անգամ ևս իմ երախտագիտության խոսքն եմ հղում Ձեզ՝ ի դեմս Ամերիկայի կառավարության, ինչպես նաև մեր ԱՄՆ գործընկերներին՝ արտակարգ իրավիճակների բնագավառում արդյունավետ համագործակցության համար»,- նշել է նախարար Ա. Փամբուխչյանն իր ելույթում:
Շինաշխատանքներն իրականացվել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի և ԱԻ նախարարության աջակցությամբ:
«ԱՄՆ դեսպանատան և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության անունից ողջունում եմ բոլորիդ: Պատիվ է այսօր գտնվել այստեղ, հրշեջ-փրկարարական ջոկատի նոր շենքի բացմանը: Սա Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև անվտանգության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնման ևս մեկ արտացոլումն է: Ուրախ եմ, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունն այժմ ունի ավելի մեծ հնարավորություն այս համայնքի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար»,- իր հերթին ասել է փոխգնդապետ Դանիել Սինգլթոնը:
Շինարարությունը մեկնարկել էր 2021 թվականից: Մոտ 700 քառակուսի մետր մակերեսով շենքը կառուցվել է հիմնովին, տարածքը տրամադրվել է համայնքապետարանի կողմից: Ջոկատն ապահովված է անհրաժեշտ գույք տեխնիկայով և կոմունալ բոլոր անհրաժեշտ հարմարություններով։