Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն այսօր ընդունել է Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) տնօրենի տեղակալ, ծրագրերի ղեկավար Աննա Ռոկկատելլոյի ղեկավարած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում Արման Դիլանյանը կարևորել է արդարադատության ոլորտում համակարգային բարեփոխումների իրականացումը և նշել, որ Սահմանադրական դատարանը հետևողական քայլեր է իրականացնում իր ներքին ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղությամբ: Սահմանադրական դատարանի նախագահը, մասնավորապես, անդրադարձել է իրավունքի գերակայության ապահովման, ժողովրդավարական արժեքների ու մարդու իրավունքների պաշտպանության ապահովման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:
Միաժամանակ Արման Դիլանյանը շեշտել է արդարադատության ոլորտի միջազգային փորձագետների և փորձագիտական մասնագիտացված կազմակերպությունների հետ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունն ու լավագույն փորձի փոխանակումը:
Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի փորձագետները Բարձր դատարանի նախագահին են ներկայացրել իրենց կազմակերպության կողմից արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումների փորձը, իրենց դիտարկումները Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումների և իրավունքի գերակայության ոլորտում ընթացող միջոցառումների վերաբերյալ:
Աննա Ռոկկատելլոն ողջունել է Սահմանադրական դատարանի կողմից նախաձեռնած բարեփոխումները:
Փորձագետները պատրաստակամություն են հայտնել համագործակցել Սահմանադրական դատարանի հետ և նպաստել մեր երկրի արդարադատության համակարգի արդիականացմանը: