Եթե այն, ինչ մենք երեկ իմացանք և պայմանավորվեցինք, եթե այդ ամենը իր տրամաբանությունից չշեղվի, առաջիկայում «Հայկական խաչմերուկ» ծրագրի շրջանակում, մասնավորապես երկաթուղիների վերականգնման ոլորտում, մեծ ներդրում ունենալու անհրաժեշտություն կարող ենք ունենալ: Այդ մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուրախալի է, որ մենք այդ հնարավորությունն ունենք: Իհարկե, դա մի ծրագիր է, որ համոզված եմ, որ բոլոր դեպքերում, միջազգային գործընկերները մեծ հետաքրքրություն կցուցաբերեն: Խոսքը հետևյալի մասին է. որ ՌԴ նախագահի հետ երեկ ունեցած բանակցությունների ընթացքում մենք որոշակի ազդակներ ստացանք կամ տեղեկություններ ստացանք, ինչը նշանակում է, որ կարող է լինել էական և լուրջ հնարավորություն, որ մենք վերադառնանք և սկսենք երկաթուղու վերականգնման աշխատանքները: Խոսքը Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու մասին է, բայց էլի եմ ասում՝ նախորդ դառը փորձը հաշվի առնելով՝ հիմա ուղղակի ուզում եմ տեղեկատվությունը կիսել, բայց ասել, որ դեռևս պետք է այս ամեն ինչը վերահաստատվի և արձանագրվի, բայց լավն այն է, որ մենք ֆինանսական հնարավորությունների խնդիր չենք ունենա»,- նշեց Փաշինյանը:
Հիշեցնենք՝ երեկ Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: