Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ անօդաչու թռչող համակարգերը ՀՀ օդային տարածքում կարող են շահագործվել ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 11-ի թիվ 56-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման կարգի» 18-ից 21-րդ կետերով
սահմանված պահանջների համաձայն, մասնավորապես՝
1․Աերոդրոմների տեղորոշիչ կետից (վազքուղու կենտրոն) մինչև 5 կմ շառավղով շրջանում,
2․ 4 կգ-ից ավելի քաշ ունեցող հեռակառավարվող անօդաչու համակարգով՝ 120 մետրից ավելի հարաբերական բարձրության վրա և թռիչքները կարող են իրականացվել միայն նշված կարգի համաձայն՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից տրամադրված թույլտվության հիման վրա։
Միաժամանակ՝ մարդաշատ վայրերում թռիչքի իրականացման դեպքում պետք է պահպանվի 1:1 կանոնը՝ հեռակառավարվող անօդաչու համակարգի հարաբերական բարձրությունը և թռիչքի գործընթացում չներգրավված անձանց միջև ընկած հեռավորությունը պետք է լինի համաչափ, սակայն ոչ պակաս, քան 50 մետրը՝ համաձայն նկարի:
Օդանավերի թռիչքների և մարդկանց անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հորդորում է բոլոր անօդաչու թռչող համակարգեր շահագործողներին խստագույնս պահպանել վերը նշված պահանջները: Հակառակ պարագայում այն կհանդիսանա օդանավերի թռիչքների անվտանգության և մարդկանց կյանքի անմիջական սպառնալիք:
Անօդաչու թռչող համակարգերի շահագործման պահանջների խախտումը կհանգեցնի նաև վարչական պատասխանության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կարգով և չափով: