Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար, Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը:
Նախարար Խաչատրյանը հյուրերին է ներկայացրել 2022-2026 թթ. ՀՀ Կառավարության ծրագիրը և ընդգծել, որ Կառավարության համար առաջնային են երեխաների առանձնահատուկ կարիքներին միտված ծրագրերը՝ ուղղված կրթական, առողջապահական և սոցիալական աջակցության ու պաշտպանության ոլորտներին: Մեծապես կարևորվում են կրթության բնագավառին առնչվող` նախադպրոցական և դպրոցական ծրագրերը, կրթական միջավայրի բարելավման հարցերը:
Քրիստինե Վայգանդն իր հերթին մեծապես կարևորել է ՀՀ Կառավարության պատրաստակամությունը՝ երեխաներին ուղղված հանրային ծախսերի և բյուջետային հատկացումների հարցում: Տիկին Վայգանդը ներկայացրել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջերս հրապարակած «Որտե՞ղ են երեխաները պետական բյուջեում» թեմայով զեկույցը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են երեխայի իրավունքներին վերաբերող հանրային ֆինանսների թափանցիկությանն ու հաշվետվողականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: