Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանի հետ այցելել են Վ. Տերյանի անվան համար 60 հիմնական դպրոց և հանդիպել փոխանակման ծրագրով վերջերս Գերմանիայից վերադարձած աշակերտների հետ:
2010 թ. դպրոցն իրականացնում է աշակերտների փոխանակման ծրագիր Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Նաումբուրգ քաղաքի գիմնազիայի հետ: Իսկ 2012 թ. դպրոցում գերմաներենը խորացված ուսուցմամբ է, այստեղ դասավանդում են Գերմանիայից ժամանած մասնագետները: Վերջին 10 տարվա ընթացքում ավելի քան 20 աշակերտ է շարունակել կրթությունը Գերմանիայի առաջատար բուհերում:
Փոխանակման ծրագրում ընդգրկվել են ուսման մեջ առաջադիմած 9-րդ դասարանի ութ աշակերտ: Խոսելով 10-օրյա այցի և տպավորությունների մասին, երեխաները նշել են, որ դասաժամերին մասնակցությունից բացի նաև ճանաչողական այցեր են ունեցել: Հանդիպումներ են եղել քաղաքապետի, պատվո հյուպատոսի և պաշտոնատար մի շարք անձանց հետ:
Ի դեպ, քաղաքապետարանի ենթակայության համար 60 դպրոցը գերմաներենի ուսուցմամբ և աշակերտների առաջադիմությամբ այսօր համարվում է տարածաշրջանում լավագույնը: