2023-ի տոնածառը Հանրապետության հրապարակում գրեթե ամբողջությամբ արդեն կանաչել է։ Վարպետները շուտով կսկսեն զարդարել այն։ Մոտ մեկ շաբաթ կլինի՝ Երևանում մեկնարկել են նաև փողոցների ամանորյա լուսային ձևավորման աշխատանքները։ Կառավարությունից ու պատկերասրահից հետո լամպերով-լարերով փաթաթելու հերթն այսօր նախկին արտգործնախարարության ու էներգետիկների շենքերինն է․ տարածքում միաժամանակ 3 վերամբարձ կռունկ է աշխատում։
Տոնական լույսերն այս տարի քանի՞ կմ են լինելու, որքա՞ն գումար է ծախսվել դրանց ձեռքբերման վրա՝ հաշվարկ-հաշվետվությունը քաղաքապետարանը խոստանում է ավելի ուշ ներկայացնել։ Հիմա գործ անելու ժամանակն է․ վարպետների խմբերից մեկը, օրինակ՝ երգող շատրվանների տարածքը վերածում է հեքիաթային ատրակցիոնի։
Ասացին՝ հնարավոր է այս հատվածը նաև սահադաշտ դառնա։ Դեմ դիմաց՝ Երևանի 2750-ամյակի այգում, լինելու է Սուրբծննդյան տոնավաճառը։ Այցելուներին Ամանորի բլիթներ, տաք գինի, տոնական այլ ապրանքներ ու հուշանվերներ առաջարկող կրպակները կբացվեն տոնածառի լույսերը վառելու օրը՝ դեկտեմբերի 5-ից։ Տաղավար վարձակալելու համար տնտեսվարողներն ու անհատ անձինք պետք է մինչև նոյեմբերի 29-ի ժամը 14:00-ը հասցնեն դիմել Երևանի քաղաքապետարան (011 514 206, 011 514 532, 098 100994) ու հայտում նշեն, թե Ամանորի փոքրիկ բիզնեսի համար որքա՞ն գումար են պատրաստ վճարել։ 42 տնակ է բաշխվելու աճուրդային սկզբունքով, մեկնարկային գներն արդեն հայտնի են՝ ներկայացնում է Երևանի առևտրի և ծառայությունների վարչության ղեկավարը։
Հովիկ Սաֆարյան (Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ) - Կրպակների մի մասը՝ 5, մյուսները՝ 6 քմ են, 236 հազար՝ 5 քառակուսին է, 280 հազար՝ 6 քառակուսի մակերեսով կրպակի մեկնարկային գինը։ Տևողությունը լինելու է 33 օր՝ դեկտեմբերի 5-ից մինչև հունվարի 6-ը ներառյալ:
Տոնավաճառի մասնակիցներն ընտրվելու են առաջիկա երեքշաբթի՝ «ով շատ գումար առաջարկեց» սկզբունքով։ Հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմից հետո այս տարի նոր Ամանորի ակտիվ միջոցառումներ են լինելու, նաև երկրում արտասահմանից մեծաթիվ հյուրեր կան, Քրիսմաս-մարկետի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, բայց քանի որ քաղաքի այլ հատվածներում նույնպես նմանատիպ մասնավոր ակցիաներ են լինելու, կրպակների վարձակալության աճուրդային գները, ըստ Հովիկ Սաֆարյանի, շատ չեն բարձրանա։ Արգելված կլինի թերևս միայն ծխախոտի ու թունդ խմիչքներից օղու վաճառքը։
Հովիկ Սաֆարյան - Քաղաքապետի կողմից ունենք գրավոր հանձնարարական, կա սահմանված հերթապահություն։ Բոլոր վարչական շրջանների աշխատակիցները կենտրոնում են լինելու, ուժեղացված ծառայություն ոստիկանության հետ համատեղ: Շատ խիստ ենք վարվելու, չենք հանդուրժելու որևէ ապօրինի գործունեություն, եթե կողքից կհայտնվեն այդ քաղցր բամբակները, խաղալիքները կամ ավտոյով առևտուրը, արձագանքելու են, տրանսպորտային միջոցները տարհանելու ենք, իսկ քաղաքացիներին ենթարկենք վարչական պատասխանատվության, որ տոնական միջոցառումը չփչացնեն:
Տնակ-կրպակների տեղադրումը կսկսվի այս կիրակի։ Ամանորի բուն տոնական միջոցառումները կմեկնարկեն 12 օրից՝ հաջորդ երկուշաբթի երեկոյան։