ՍԻՐԻԱՅԻ ԵՎ ԻՐԱՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԽԱԽՏՎԻ
Իրաքի և Սիրիայի դեմ Թուրքիայի օդային գործողությունը միայն սկիզբն է՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը, հավելել՝ Անկարան լուրջ է վերաբերվում երկրի սահմանների անվտանգությանը:
Նա նաև զգուշացրել է, որ Թուրքիան նոր անդրսահմանային գործողություն կսկսի Սիրիայի դեմ, երբ դա նպատակարմար լինի, և այդ դեպքում «կմաքրի ահաբեկիչներից» Քոբանի, Մանբիջ և Թել Ռիֆաաթ քաղաքները։
«Անվտանգության գոտու մի մասն արդեն ձևավորված է: Մնացածը՝ աստիճանաբար»,- ասել է Էրդողանը:
Նա նաև նշել է, որ Անկարան իրավունք ունի իր հայեցողությամբ կարգավորելու Սիրիայի հյուսիսից բխող անվտանգային խնդիրները և պատժելու ահաբեկիչներին ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ երկրի տարածքից դուրս։ Նա նաև չի բացառել Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի հետ հանդիպումը, եթե բարենպաստ պայմաններ ստեղծվեն։
«Իրաքի և Սիրիայի իշխանություններին չպետք է անհանգստացնի Թուրքիայի ռազմական գործողությունը, այդ երկրների տարածքային ամբողջականությունը չի խախտվի»,- վստահեցրել է Թուրքիայի նախագահը:
Սիրիայի իշխանությունները, սակայն, նույն կարծիքին չեն: Արտգործնախարար Այման Սյուսանը հայտարարել է, որ Թուրքիան՝ որպես Աստանայի ձևաչափի երաշխավոր երկիր, չի կատարում իր պարտավորությունները: «Անկարայի գործողությունները Սիրիայի հյուսիսում անընդունելի են»,- հավելել է Սյուսանը:
Նրա խոսքով՝ Դամասկոսը կանի ամեն ինչ՝ պաշտպանելու իր տարածքը միջազգային իրավունքին համապատասխան։
Լրատվամիջոցների տվյալով՝ Թուրքիան շարունակում է հարվածներ հասցնել Սիրիայի հյուսիսային շրջաններին: Թիրախավորվում է Հալեպի շրջանը, ինչպես նաև Քոբանի քաղաքը։ Թուրքական հարձակումների հետևանքով վերջին մի քանի օրվա ընթացքում կա 200-ից ավելի զոհ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք:
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ
Իրանի և Ուկրաինայի փորձագետները հանդիպել են՝ քննարկելու Կիևի մեղադրանքները, թե իրանական կողմը Ռուսաստանին է վաճառել անօդաչու թռչող սարքեր, որոնք ռուսական ուժերը կիրառել են Ուկրաինայի դեմ: Այս մասին CNN-ի հետ զրույցում ասել է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն։
Նրա խոսքով՝ երկու կողմի փորձագետների շփումներում որոշակի առաջընթաց է գրանցվել, նրանք կշարունակեն աշխատել ցանկացած թյուրիմացություն չեզոքացնելու ուղղությամբ:
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Թեհրանը Ռուսաստանին փոքր քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարել, սակայն դա տեղի է ունեցել ռուս-ուկրաինական հակամարտությունից ամիսներ առաջ:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐՄԻՐ ԳԻԾՆ Է. ՌԱՅԻՍԻ
Իրանի իշխանությունները պատրաստ են լսել ժողովրդի բողոքի ձայնը, սակայն բողոքը և անկարգությունները նույնը չեն՝ Իրանում շարունակվող ցույցերի և ձերբակալությունների ֆոնին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
Նրա խոսքով՝ անկարգությունները խանգարում են ցանկացած առաջընթացի և երկխոսության:
«Անվտանգությունը կառավարության կարմիր գիծն է, խաղաղությունը երկրի զարգացման, ժողովրդի գիտական, տնտեսական և գործարար գործունեության հիմքն է»,- շեշտել է Ռայիսին։
ԵՐԿՐԱՇԱՐԺ ԻՆԴՈՆԵԶԻԱՅՈՒՄ. ԿԱՆ ԶՈՀԵՐ
Ինդոնեզիայի արևմուտքում նոյեմբերի 22-ին տեղի ունեցած 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 260 մարդ, այդ թվում՝ երեխաներ, ևս 150-ից ավելին անհետ կորած են համարվում՝ տեղեկացրել են տեղական իշխանությունները: Հազարավոր մարդիկ տարհանվել են, ավերվել են 22.000 տուն և ենթակառուցվածք:
Հիվանդանոցները ծանրաբեռնված են, շատերին առաջին օգնություն են տրամադրում հենց փողոցում։ Իշխանությունները ակնկալում են, որ զոհերի թիվը կավելանա, քանի որ շատ քաղաքացիներ դեռ փլատակների տակ են: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Երկրաշարժը զգացվել է նաև մայրաքաղաք Ջակարտայում՝ էպիկենտրոնից 100 կիլոմետր հեռավորության վրա: