ՀՀ գլխավոր դատախազությունը 2022 թվականի հոկտեմբերի 28-ին տեղեկացրել էր, որ 2001 թվականի սեպտեմբերի 25-ին Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանի միջանցքում Պողոս Պողոսյանին կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով փորձագետներ Շ.Գ-ի և Գ.Հ.-ի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու փաստով 2022 թվականի հոկտեմբերի 26-ին նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նշված վարույթի շրջանակում նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2022 թվականի նոյեմբերի 17-ին դատաբժիշկներ Շ.Գ-ի և Գ.Հ.-ի նկատմամբ կայացվել են հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներ և դրանք ուղարկվել են նախաքննություն իրականացնող քննիչին՝ մեղադրյալներին ներկայացնելու համար:
2022 թվականի նոյեմբերի 21-ին հսկող դատախազի համաձայնությամբ նախաքննություն իրականացնող քննիչի կողմից որոշումներ են կայացվել պայմանագրային հիմունքներով աշխատող մեղադրյալներ Շ.Գ.-ի և Գ.Հ.-ի նկատմամբ պաշտոնավարման կասեցումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, ինչը ենթադրում է վերջիններիս լիազորությունների իրականացման կամ աշխատանքային գործունեության ժամանակավոր ընդհատում:
Որոշման պատճենն ուղարկվել է ՀՀ առողջապահության նախարարության դատական բժշկության գիտագործական կենտրոն՝ այն կատարելու համար: