ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կազմակերպված կոնֆերանսին` նվիրված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակին և ընկերության կայուն զարգացման առաջին զեկույցի ներկայացմանը:
Նախարար Սանոսյանը շնորհավորել է ԶՊՄԿ-ին, աշխատակիցներին 70-ամյակի առիթով և ընդգծել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մեր երկրում ահռելի դեր ունի:
«Այս հզոր համակարգը մեծ դերակատարություն ունի մեր երկրի տնտեսության մեջ։ Կոմբինատի դերը կարևոր է նաև աշխատատեղերի ապահովման առումով։ Պետք է արձանագրել, որ տարեցտարի կոմբինատի ղեկավարության կողմից արվում են անհրաժեշտ քայլեր բնապահպանական ռիսկերը նվազագույնի հասցնելու համար։ Պատասխանատու հանքարդյունաբերությունը պետք է մեր բոլորի գերնպատակը լինի»,- ասել է նախարարը։
Կոնֆերանսի ընթացքում կազմակերպված «ՀՀ հանքարդյունաբերության ներդրումային հնարավորությունները» թեմաներով պանելային քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը: