ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԱՎՏՈԿԱՅԱՆՈՒՄ. ԿԱՆ ՏՈՒԺԱԾՆԵՐ
Երուսաղեմի կենտրոնական ավտոկայանում պայթյուններ են որոտացել՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները: Տուժել է շուրջ 20 մարդ, կա առնվազն 1 զոհ: Նախնական տվյալով՝ կանգառներից մեկում պայուսակ են թողել, որում էլ գտնվել է առաջին ռումբը: ԶԼՄ-ները հաղորդում են նաև, որ մյուս ռումբը տեղադրված է եղել կանգառում կայանված սկուտերի վրա։ Պայթյունների պատճառների մասին տեղեկություններ չկան: Ոստիկանությունը դիտարկում է միջադեպի մի քանի վարկած, այդ թվում՝ ահաբեկչությունը։
Ակնկալվում է, որ Երուսաղեմի պայթյունների ֆոնին Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը հանդիպում կանցկացնի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
6 ՄԱԳՆԻՏՈՒԴ ՈՒԺԳՆՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՐԱՇԱՐԺ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով տուժել է շուրջ 50 մարդ, երկրաշարժը զգացվել է նաև Ստամբուլում և Անկարայում՝ տեղեկացրել են հանրապետության առողջապահության նախարարությունից։ Թուրքական իշխանությունների տվյալով՝ զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։
ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՃ ԹՈՒՐՔ-ՍԻՐԻԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ
Սիրիական բանակը կրակ է բացել Բաբ ալ Հավա սահմանամերձ գոտում Թուրքիայի աջակցությամբ գործող զինված կազմավորումների դիրքերի ուղղությամբ՝ հայտնում են լրատվամիջոցները: Նշվում է, որ մի քանի հրթիռ ընկել է Թուրքիայի տարածքում: Հարվածները հասցվել են ի պատասխան Հալեպի հյուսիսում Մենեգ ռազմական օդանավակայանի գնդակոծման և Քոբանիում տեղակայված սիրիացի զինվորականների վրա հարձակման:
Ավելի վաղ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրել էր, որ թուրքական հարվածների պատճառով զոհվել է դաշինքի 37 մարտիկ, ինչպես նաև կառավարական զորքերի 15 զինծառայող: Թուրքիայի ՊՆ տվյալով՝ Սիրիայում և Իրաքում գործողության ընթացքում Թուրքիան խոցել է 471 թիրախ և վնասազերծել 254 զինյալի։
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է՝ ԱՄՆ իշխանությունները մտավախություն ունեն, որ Թուրքիայի գործողությունը Սիրիայում կարող է բարդացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը։ Նա, այնուհանդերձ, շեշտել է՝ Թուրքիան իրավունք ունի պաշտպանելու սեփական ժողովրդին։
ԻՐԱՆԻ ԶՈՒ ՀԱՐՎԱԾՆԵՐՆ ԻՐԱՔՅԱՆ ՔՐԴՍՏԱՆԻՆ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ
Իրանի զինված ուժերի հարվածներն Իրաքյան Քրդստանին կշարունակվեն, քանի դեռ Իսլամական Հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող վտանգը չի «չեզոքացվել»՝ հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը։ Նրա խոսքով՝ այդ հարվածներն ուղղված են հակաիրանական անջատողական խմբավորումներին։ Փաքփուրը Իրաքյան Քրդստանի բնակիչներին խորհուրդ է տվել հեռանալ ահաբեկչական խմբավորումների բազաների հարակից տարածքներից։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը կոչ է արել դադարեցնել հարվածներն Իրաքյան Քրդստանի տարածքին և հարգել Իրաքի տարածքային ամբողջականությունը:
1.9 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ
Ռուսական հարվածների պատճառով էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրները հաղթահարելու համար Ուկրաինայում ստեղծվել է 4000 հատուկ կենտրոնի, որտեղ քաղաքացիները կարող են տաքանալ, սնվել, հասանելիություն ստանալ համացանցին։
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալի գնահատմամբ՝ վերջին օդային հարվածների հետևանքով «Ուկրէներգո» ազգային էներգետիկ ընկերությունը շուրջ 1,9 միլիարդ դոլարի վնաս է կրել։ Նրա խոսքով՝ կազմակերպության ցանցերի վերականգնման ուղղությամբ այժմ աշխատում է հազարից ավելի մասնագետ։
Մինչ այդ, «Ուկրէներգոն» հայտարարել է, որ այսօր Ուկրաինայում պլանային հոսանքազրկումներ են սպասվում: