Չնայած գերագույն դատարանի դրական եզրակացությանը՝ Սահմանադրության փոփոխության նախագիծը, Արցախի նախագահի դիմումի համաձայն, հանվել է շրջանառությունից: Արայիկ Հարությունյանը հայտարարել է՝ որոշման պատճառը հակասական քաղաքական գնահատականներն են և հանրության բացասական արձագանքը:
Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) - Հասարակության կողմից միանշանակ չի ընկալվել, և ամենակարևոր ձեռքբերումն այսօր, ամենակարևոր խնդիրը պիտի լինի ներքին համերաշխությունը: Որպես երկրի ղեկավար՝ ես որևէ քայլ չեմ կատարելու և թույլ չեմ տալու երկիրը պառակտելու ուղղությամբ: Մեզ մոտ չստացվեց համոզել հասարակական կառույցներին, արտախորհրդարանական ուժերին:
Հարությունյանը շեշտում է՝ փոփոխություններ նախաձեռնելու հիմնական պատճառը եղել է քաղաքական ուժերի մտահոգությունը, թե գործող Սահմանադրությամբ իշխանությունը կենտրոնացված է հանրապետության նախագահի իրավասությունների ներքո: Արցախի նախագահը հարցն ամբողջությամբ չի հանում երկրի քաղաքական օրակարգից, մտադիր է լրացուցիչ խորհրդակցություններ նախաձեռնել:
Արայիկ Հարությունյան - Քանի որ քաղաքական ուժերի կողմից կար կարծիք, որ ամեն ինչ կենտրոնացված է մի մարդու ձեռքին՝ դա երկրի նախագահն է, իսկ ձևավորել նոր իշխանություն, պետք էր գնալ նոր ընտրություննների՝ արտահերթ: Իսկ արտահերթ ընտրությունների գնալու միակ ճանապարհը սահմանադրական փոփոխությունն էր:
Արայիկ Հարությունյանի դիտարկմամբ՝ կենտրոնացված իշխանություն չունենալու հարցն այս փուլում Արցախում լուծվել է նախագահի հրամանագրով՝ պետնախարարն է համակարգում 9 նախարարության և այլ գերատեսչությունների աշխատանքը: Այսօր Արցախում նախագահի հրամանագրով բոլոր նախարարներն ազատվել են պաշտոնից, նրանցից 4-ը նշանակվել է պաշտոնակատար: