Շոտլանդացի ազգայնականները՝ Նիկոլա Սթերջենի գլխավորությամբ, հաղթեցին Շոտլանդիայի ընտրություններում՝ անկախության երկրորդ հանրաքվե անցկացնելու, Brexit-ի մերժման և ԵՄ-ին վերամիավորվելու կարգախոսներով։
Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանը պատասխանել է Շոտլանդիայի այն հարցին, թե արդյոք տարածաշրջանը կարո՞ղ է հանրաքվե անցկացնել Միացյալ Թագավորությունից անկախանալու վերաբերյալ՝ Լոնդոնի կենտրոնական իշխանությունների առարկությունների դեպքում։ Ինչպես և սպասվում էր, դատավճիռը բացասական է, գրում է BBC-ն և նշում, որ նման որոշումից Շոտլանդիայի անկախության կողմնակիցները նույնիսկ շահում են։
Չորեքշաբթի Գերագույն դատարանի հինգ դատավորների միաձայն որոշումը փակում է շոտլանդացի ազգայնականների օրենսդրական ուղին դեպի հանրաքվե, սակայն այն ամրապնդում է նրանց քաղաքական դիրքերը և հետագա խնդիրներ է խոստանում Միացյալ Թագավորության իշխանությունների համար, գրում է լրատվական գործակալությունը: Շոտլանդացիների մեջ ամրապնդվում է այն վստահությունը, որ անգլիացիները ճնշում են իրենց, ժողովրդավարությունը և մերժում են իրենց ինքնորոշման իրավունքը:
Շոտլանդիան անկախության հանրաքվե անցկացրել է 2014-ին, որի ժամանակ մասնակիցների 55%-ը դեմ էր Բրիտանիայից առանձնանալուն, 45%-ը կողմ էր անկախությանը: Սակայն երկու տարի անց, երբ Մեծ Բրիտանիան քվեարկեց ԵՄ-ից դուրս գալու օգտին, շոտլանդացիները պահանջեցին նոր հանրաքվե անցկացնել, քանի որ նրանք ցանկանում էին մնալ ԵՄ-ում և դեմ քվեարկեցին Brexit-ին՝ 62-38% հարաբերությամբ:
Միացյալ Թագավորությունից դուրս գալու հանրաքվեն պահանջում է բրիտանական խորհրդարանի համաձայնությունը։ Այն վերահսկում է Պահպանողական կուսակցությունը, որի կառավարությունը կտրականապես հրաժարվում է շոտլանդացիներին տալ երկրորդ հնարավորությունը: