Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին «Սև ուրբաթի» ժամանակ հաճախակի կիրառվող զեղչերի և այլ ակցիաների ընթացքում խստիվ պահպանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները:
«Այս տարվա հուլիսի 31-ից ուժի մեջ են մտել հանձնաժողովի նախաձեռնությամբ ընդունված ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքները, որոնցով կարգավորումներ են սահմանվել զեղչերի և այլ ակցիաների համար:
Ըստ այդմ՝ ապրանքի կամ ծառայության գինը զեղչվում է նախորդ ամսվա միջին գնից, ակցիա իրականացնողն ապահովում է միջին և զեղչված գների միաժամանակյա տեսանելիությունը սպառողի համար, միջակայքով զեղչի դեպքում առավելագույն շեմով զեղչը կիրառվում է ակցիային մասնակցող ապրանքների կամ ծառայության առնվազն 1/5-րդի նկատմամբ:
Օրինակ՝ եթե հայտարարվում է 20-70% կամ մինչև 70% զեղչ 100 ապրանքի համար, դրանցից առնվազն 20-ը պետք է զեղչվեն 70%-ով, զեղչերի և այլ ակցիաների իրականացման առավելագույն ժամկետը 3 ամիս է, ակցիա իրականացնողը չի կարող ապրանքի հետ նվեր տալ՝ միաժամանակ տվյալ ապրանքի գնի այնպիսի բարձրացում իրականացնելով, որով նվերի գինը մասնակի կամ ամբողջությամբ կներառվի այդ գնի մեջ: Նոր պահանջներ են սահմանվել նաև ակցիաների իրազեկման համար, մասնավորապես, պարտադիր պետք է նշվեն ակցիայի բնույթը, մեկնարկի և ավարտի օրերը և այլն, իսկ ակցիայի պայմանների վերաբերյալ հրապարակման բովանդակության ամենամեծ և ամենափոքր տառաչափերի տարբերությունը չի կարող երկու անգամից ավելի լինել:
Oրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող ակցիայի իրականացումը կարող է հանգեցնել անբարեխիղճ մրցակցության, որի դեպքում կարող է նշանակվել տուգանք տնտեսվարողի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 5%-ի չափով»,- նշված է հաղորդագրության մեջ: