Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում իր երկրի նախագահության առաջնահերթություններից մեկը լինելու է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորումը։
«Կան նրբերանգներ, և գուցե լուրջ, բայց մենք հիմա կարող ենք հիմնովին կարգավորել այս հակամարտությունը, որը կարող է նորից բռնկվել»,- Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով հերթական նիստին ասել է Լուկաշենկոն։ Սակայն, ըստ նրա, իրադարձությունների նման զարգացումը հնարավոր կդառնա միայն, «եթե առաջին հերթին դա ցանկանա Հայաստանի և, իհարկե, Ադրբեջանի ղեկավարությունը»։ «Ի դեպ, ես կխոսեմ այս մասին, սա Բելառուսի նախագահության առաջնահերթություններից է: Մենք չպետք է աչք փակենք սրա վրա, կարող ենք լուծել այս խնդիրը, թե ոչ՝ դա պետք է լինի ՀԱՊԿ-ի ուշադրության կենտրոնում»,- ընդգծել է Բելառուսի ղեկավարը։
Լուկաշենկոն նաև ասել է, որ ՀԱՊԿ-ում Մինսկի նախագահության առաջնահերթություններից է լինելու նաև կազմակերպության համախմբվածության բարձրացումը:
Բելառուսի նախագահն անդրադարձել է նաև այլ թեմաների: Նա նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ջանքերը պետք է ուղղված լինեն նաև տեղեկատվական պատերազմների դեմ պայքարին: «ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը ՀԱՊԿ-ի արևմտյան սահմանների մոտ: Դա արվում է Ռուսաստանի և նրա դաշնակիցների իբր ագրեսիվ պահվածքը զսպելու պատրվակով։ Արևմուտքը շարունակում է ՆԱՏՕ-ի արևելյան թև զորքեր, սպառազինություն և ռազմական տեխնիկա տեղափոխել»,- հավելել է Լուկաշենկոն։