ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Համաձայն հիմնավորման՝ գործող կարգավորումներում նախատեսված չէ դասերը հեռավար իրականացնելու դեպքում ավարտական քննությունները հեռավար կազմակերպելու հնարավորությունը: Նոր կարգավորմամբ՝ նախատեսվել է դրույթ, համաձայն որի՝ կրթության շարունակականությունն ապահովելու համար հանրակրթական հիմնական կրթական ծրագրերով հեռավար ուսուցումը կարող է կազմակերպվել նաև այն դեպքում, երբ ուսուցիչն ունի առկա ուսուցումն անհնարին դարձնող բուժման կարիք, որի ժամանակ ուսուցչի կողմից իր դպրոցի սովորողների համար կարող է իրականացվել առավելագույնը 10 աշխատանքային օր տևողությամբ հեռավար դասավանդում:
Նախագծով հստակեցվել է նաև, որ հեռավար ուսուցման ժամանակ 20 և ավելի աշակերտներից կազմված դասարանների դեպքում դասարանները կիսվում են: Սահմանվել է, որ հեռավար դասերի վերահսկողությունն իրականացնում է դպրոցի տնօրենի հրամանով նշանակված պատասխանատուն:
Գործող կարգից հանվել են հեռավար ուսուցման համալիր կայքէջի լատինատառ հղումները, քանի որ հետագայում հնարավոր է հղումներում կատարվեն փոփոխություններ, որոնք իրավական ակտի հետ կառաջացնեն անհամապատասխանություն:
Այսպիսով՝ առաջարկվող փոփոխությամբ խնդրահարույց հարցերը պարզեցվել են, որոնց շնորհիվ հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման գործընթացը կիրականացվի ավելի հստակեցված ընթացակարգով:
Քաղաքացիները և շահառու խմբերը իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև դեկտեմբերի 3-ը: