Էլեկտրոնային առողջապահության համակարգում նոր գործիքներ են ներդրվում: Արմեդում ծննդյան և մահվան դեպքերը առցանց կգրանցվեն: 6 ամսից ավելի ծրագիրը պիլոտավորվել է ծննդատներում, դիահերձարաններում:
Գեորգի Ասատրյան (Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի գործառնական բաժնի ղեկավար) - Արմեդ համակարգից հարցում է գնում ՔԿԱԳ, այնտեղ պաշտոնապես գրանցվում է ծնունդը կամ մահը, և հետ է գալիս վկայականը, որը որ տրամադրում են դիմողին: Քաղաքացին էլ կարիք չի ունենում գնա ՔԿԱԳ, որպեսզի ստանա դիմումը:
Հիմա բոլոր բուժհաստատություններում Արմեդ համակարգում վկայականների գրանցման վերաբերյալ դասընթացներ են իրականացվում: Առաջիկայում գործընթացը միայն այս համակարգով է իրականացվելու:
Գեորգի Ասատրյան - Այս պահին զուգահեռ ծննդյան և մահվան վկայականներին՝ վերապատրաստումներ են իրականացնում նաև էլեկտրոնային դեղատոմսերի մասով, և ամառվա սկզբից՝ մոտ 4-5 ամիս է արդեն, էլեկտրոնային ձևաչափով առաջնային օղակի բուժհաստատությունները գրանցում են դեղատոմսեր, թղթայինը վերանում է արդեն, և դեղերը դուրս են գրում էլեկտրոնային դեղատոմսերի հիման վրա:
Առաջին փուլով էլեկտրոնային դեղատոմսը տրամադրվում է դեղերի այն ցանկի դեպքում, որը պետությունը ձեռք է բերում կենտրոնացված գնման միջոցով:
Ծաղկանուշ Սարգսյան (ՀՀ ԱՆ ԱԱԻ էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար) - Սա մի քիչ ավելի փոքր ծավալ է ներառում, տարբեր դեղատներ չեն գնում, կոնկրետ դեղատներից են ստանում, այս պրոցեսն արդեն ընթացքի մեջ է, և ինքը միանշանակ իրականացավ և կայացավ: Հաջորդը փուլերով մինչև վերջ հիվանդի միջոցներով ձեռք բերվողն է, և քաղաքացիների մոտ մշակույթը կձևավորվի:
Էլեկտրոնային առողջապահության համակարգի բոլոր բաղադրիչները՝ էլեկտրոնային պատմագրերից մինչև հիվանդությունների ռեգիստրներ, արդեն ներդրման ավարտական փուլում են, տվյալների հավաքագրումը սկսված է:
Ծաղկանուշ Սարգսյան - 2023-ին կլինեն բավականաչափ տվյալներ մուտքագրված, որը հնարավորություն կտա արդեն հաշվետվություններն էլ ստանալ միայն էլեկտրոնային հավաքագրված տվյալներով, ոչ թե թղթային տվյալներից հավաքելով, գումարելով իրար, ստանալով ինչ-որ վիճակագրություն:
Արմեդ համակարգում նույնականացում անցնելուց հետո քաղաքացին արդեն կարող է տեսնել՝ ինչ ծառայություն է ստացել, ինչ ախտորոշում, կարող է նաև հերթագրվել ինչպես իր, այնպես էլ իր երեխայի համար: