ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին զուգահեռ այսօր Երևանում անցկացվել են ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչով բողոքի ակցիաներ:
Ազատության հրապարակում հավաքված ակցիայի մասնակիցների խոսքով՝ ՀԱՊԿ-ը որևէ հստակ գնահատական չի տալիս հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին, անգործություն է դրսևորում, ուստի այդ կառույցում Հայաստանի մնալը որևէ իմաստ չունի:
Նման կոչերով ակցիա է անցկացվել նաև Գարեգին Նժդեհի արձանի մոտ: Ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել մի քանի անձ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնել են, որ Պարոնյան փողոցից քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության բաժիններ՝ ապահովելու բերման ենթարկվածների իրավունքների պաշտպանությունը։ 3 ժամ անց բերման ենթարկվածներն ազատ են արձակվել:
Ի դեպ, Ազատության հրապարակում անցկացվող բողոքի ակցիային մասնակցել են նաև Հայաստանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիներ՝ այդ երկրի դրոշներով և քաղաքների անունները կրող պաստառներով:
Այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել նաև Ռուսաստանի դեսպանատան մոտ, որին մասնակցել են 44-օրյա պատերազմում զոհվածների և Ադրբեջանում գերեվարվածների հարազատները: