ՍԻՐԻԱՅԻ ԵՎ ԻՐԱՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԽԱԽՏՎԻ
Իրաքի և Սիրիայի դեմ Թուրքիայի օդային գործողությունը միայն սկիզբն է, հայտարարել է Ռեջեփ Էրդողանը, զգուշացրել՝ Թուրքիան նոր անդրսահմանային գործողություն կսկսի Սիրիայի դեմ, երբ դա նպատակարմար լինի, և այդ դեպքում «կմաքրի ահաբեկիչներից» Քոբանի, Մանբիջ և Թել Ռիֆաաթ քաղաքները։
«Անվտանգության գոտու մի մասն արդեն ձևավորված է: Մնացածը՝ աստիճանաբար»,- ասել է Էրդողանը:
Նա նաև չի բացառել Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի հետ հանդիպումը, եթե բարենպաստ պայմաններ ստեղծվեն։
«Իրաքի և Սիրիայի իշխանություններին չպետք է անհանգստացնի Թուրքիայի ռազմական գործողությունը, այդ երկրների տարածքային ամբողջականությունը չի խախտվի»,- վստահեցրել է Թուրքիայի նախագահը:
Սիրիայի իշխանությունները, սակայն, նույն կարծիքին չեն: Արտգործնախարար Այման Սյուսանը հայտարարել է, որ Թուրքիան՝ որպես Աստանայի ձևաչափի երաշխավոր երկիր, չի կատարում իր պարտավորությունները:
«Անկարայի գործողությունները Սիրիայի հյուսիսում անընդունելի են»,- հավելել է Սյուսանը:
Նրա խոսքով՝ Դամասկոսը կանի ամեն ինչ՝ պաշտպանելու իր տարածքը՝ միջազգային իրավունքին համապատասխան։
ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևն էլ տեղեկացրել է, որ Սիրիայի հարցով Աստանայի բանակցությունների ընթացքում ռուսական պատվիրակությունը փորձել է համոզել թուրքական կողմին ձեռնպահ մնալ Սիրիայում ցամաքային լայնածավալ գործողություն իրականացնելուց: Լավրենտիևը նաև մեղադրել է Արևմուտքին Սիրիան որպես Ռուսաստանի հետ առճակատման հարթակ դիտարկելու համար:
Լրատվամիջոցների տվյալով՝ Թուրքիան շարունակում է հարվածներ հասցնել Սիրիայի հյուսիսային շրջաններին: Վերջին մի քանի օրվա ընթացքում կա 200-ից ավելի զոհ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք:
ԲԵԼԳՐԱԴՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՍԵՐԲԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
Բելգրադում տեղի է ունեցել Ադրբեջանի և Սերբիայի նախագահների հանդիպումը: Իլհամ Ալիևը և Ալեքսանդր Վուչիչը մի շարք փաստաթղթեր են կնքել առևտրի, ներդրումների, տրանսպորտի և այլ ոլորտներում։ Երկու երկրի ղեկավարները, մասնավորապես, ստորագրել են «Ադրբեջանի և Սերբիայի միջև ռազմավարական գործընկերության խորհրդի ստեղծման մասին հուշագիրը»:
Ալիևը հայտնել է, որ սերբ գործընկերոջ հետ քննարկել է նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցեր։ Նա ընդգծել է, որ Բաքվի և Բելգրադի առջև գործակցության նոր հնարավորություններ են բացվում էներգետիկ ոլորտում։ Աշխատանքներ են տարվելու նաև ռազմատեխնիկական գործակցությունը խորացնելու ուղղությամբ:
Վուչիչն էլ տեղեկացրել է, որ մինչև 2022 թվականի վերջ կայցելի Ադրբեջան՝ քննարկելու, նրա խոսքով, «Սերբիայի համար կարևոր հարցեր»։
«Այժմ Ադրբեջանից բնական գազի արտահանման ծավալը 22 միլիարդ խորանարդ մետր է և հիմնականում մատակարարվում է Եվրոպա։ 7 տարի հետո այդ ծավալները կհասնեն 35 մլրդ խմ-ի»,- մանրամասնել է Սերբիայի նախագահը։
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐՄԻՐ ԳԻԾՆ Է. ՌԱՅԻՍԻ
Իրանի իշխանությունները պատրաստ են լսել ժողովրդի բողոքի ձայնը, սակայն բողոքը և անկարգությունները նույնը չեն, Իրանում շարունակվող ցույցերի, ձերբակալությունների և զոհերի մասին տեղեկությունների ֆոնին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
Նրա խոսքով՝ անկարգությունները խանգարում են ցանկացած առաջընթացի և երկխոսության:
«Անվտանգությունը կառավարության կարմիր գիծն է», - շեշտել է Ռայիսին։
ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԱՎՏՈԿԱՅԱՆՈՒՄ. ԿԱՆ ԶՈՀԵՐ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ
Երուսաղեմի կենտրոնական ավտոկայանում առավոտյան պայթյուններ են որոտացել: Կան զոհեր և վիրավորներ: Կանգառներից մեկում պայուսակ է հայտնաբերվել, որում էլ գտնվել է առաջին ռումբը: Մյուս ռումբը տեղադրված է եղել կանգառում կայանված սկուտերի վրա։ Ոստիկանությունը դիտարկում է միջադեպի մի քանի վարկած, այդ թվում՝ ահաբեկչությունը։ Վարչապետ Յաիր Լապիդը նշել է, որ այս պայթյունը տարբերվում մինչ այս արձանագրված միջադեպերից:
ԵՐԿՐԱՇԱՐԺ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵՎ ԻՆԴՈՆԵԶԻԱՅՈՒՄ. ԿԱՆ ԶՈՀԵՐ
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հատել է 5 տասնյակը, զոհերի մասին տեղեկություններ չկան, վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է՝ հայտնում են տեղական իշխանությունները: Ստորգետնյա ցնցումներ են զգացվել նաև Ստամբուլում, Անկարայում: Գրանցվել է առնվազն 74 հետցնցում։ Սսեյսմիկ իրադարձությունը գնահատվում է «ավերիչ»:
Ինդոնեզիայի արևմուտքում նոյեմբերի 22-ին տեղի ունեցած 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով էլ զոհվել է ավելի քան 260 մարդ, այդ թվում՝ երեխաներ, ևս 150-ից ավելին անհետ կորած են համարվում: Հազարավոր մարդիկ տարհանվել են, ավերվել է 22 000 տուն և ենթակառուցվածք: Հիվանդանոցները ծանրաբեռնված են, շատերին առաջին օգնություն են տրամադրում հենց փողոցում։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
ՇՈՏԼԱՆԴԻԱՅԻՆ ԱՐԳԵԼՎԵԼ Է ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ ԱՆՑԿԱՑՆԵԼ
Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը Շոտլանդիային արգելել է հանրաքվե անցկացնել Միացյալ Թագավորությունից անկախանալու վերաբերյալ՝ առանց պաշտոնական Լոնդոնի համաձայնության:
Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտարարել է, որ անկախությունը կենսական նշանակություն ունի տարածաշրջանի համար և թույլ կտա խուսափել Brexit-ի աղետալի հետևանքներից:
Շոտլանդիան անկախության հանրաքվե անցկացրել է 2014-ին, որի ժամանակ մասնակիցների 55 %-ը դեմ էր Բրիտանիայից առանձնանալուն, 45 %-ը կողմ էր անկախությանը: Սակայն երկու տարի անց, երբ Մեծ Բրիտանիան քվեարկեց ԵՄ-ից դուրս գալու օգտին, շոտլանդացիները պահանջեցին նոր հանրաքվե անցկացնել: