ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից ավտոմեքենայից խոշոր չափերով գողություն կատարելու դեպք:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 27 և 24-ամյա երիտասարդները, նախնական համաձայնության գալով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ, 38 և 35-ամյա տղամարդկանց օժանդակությամբ, 2022 թվականի նոյեմբերի 20-ին՝ ժամը 03։00-04։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցում գտնվող ավտոկայանատեղիում, նախապես վերցված դանակով կտրել են այնտեղ կայանված՝ ՍՊ ընկերությանը պատկանող «Լեքսուս 460» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների էլեկտրական լարերը, այնուհետև կոտրելով՝ հափշտակել դրանք՝ ընկերությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 27 և 24-ամյա երիտասարդների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, իսկ 38 և 35-ամյա տղամարդկանց նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
Վարույթն իրականացնող քննիչի կողմից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան միջնոդրություններ են ներկայացվել նշված 4 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին, որոնք բավարարվել են:
Նախաքննությունը շարունակվում է: