Հայաստանում տաքսի ծառայությունների մեծ մասը լիցենզավորված չէ, գործում է անօրեն, ավելի հաճախ՝ առանց տարբերանշանի: Անհատ տաքսու վարորդները որևէ կառույցի կողմից չեն վերահսկվում արդեն մի քանի տարի, ազատված են հարկեր ու տուրքեր վճարելուց: Սակայն դա նրանց չի խանգարում երթևեկել նվազագույնը մինչև 2000 դրամով:
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն իրազեկման արշավ են սկսել, վարորդներին տեղեկացնում, հորդորում են՝ մինչև դեկտեմբերի 15-ը լիցենզավորվել, գալ օրենքի դաշտ: Կառավարության որոշմամբ՝ չլիցենզավորված տաքսու վարորդները կտուգանվեն: Տեսչականից հիշեցնում են՝ լիցենզավորման դաշտ գալով՝ անհատ տաքսիստները հարկային պարտավորություն չեն ունենալու, պարզապես պարտավորվելու են մեքենայի վրա տարբերանշան ունենալ ու մինիմալ արժեք փակցնել:
Հայկ Մարտիրոսյան (ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության պետ) - Նրանք պատասխանատվություն են կրում վարչական իրավախախտումների վերաբերյալ հոդվածով, տուգանք ա առաջացնում՝ մինչև 50.000 դրամ տուգանք չլիցենզավորված գործունություն իրականացնելու համար, երկրորդ անգամ, երրորդ անգամ կրկնվելու դեպքում կրկնապատկվում ա գումարը:
Տաքսիների հետ կապված այս պահին գործում է լիցենզավորման երկու կարգ. մեկն անհատ տաքսիների մասին է, մյուսը՝ մասնավոր ընկերությունների: Օդանավակայանում գործունեություն ծավալելու համար հստակ պահանջներ կան. մեքենաները պետք է լինեն մինչև 7 տարեկան, պարտադիր սպիտակ, ունենան «Աերո-TAXI» տարբերանշան, շահագործվեն գործարանային վառելիքով: Գործադիրի որոշմամբ, սակայն, ծառայությունների նվազագույն և առավելագույն վճար չի սահմանվել:
Արթուր Արաբաչյան (ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության բաժնի պետ) - Գնային քաղաքականություն շուկան է թելադրում, որովհետև մարդատար տաքսի ավտոմոբիլների կողային մակերևույթին, ըստ էության, պետք է լինի համապատասխան գնացուցակ: Գնացուցակը պետք է պարունակի 1 կմ արժեքը, նվազագույնի արժեքը, ինչպես նաև սպասելավարձի և նստելավարձի մասին համապատասխան տեղեկատվությունը: Այսինքն՝ ուղևորը կամ շահառուն, երբ փորձում է օգտվել նման տրանսպորտային միջոցից, նա պետք է տեսնի գնային քաղաքականությունը, նոր արդեն ըստ իր հարմարության օգտվի այդ տաքսի ծառայությունից:
Արդեն մի քանի տարի գործում է նաև «Զվարթնոց»-Երևան և հակառակ ուղղությամբ կանոնավոր միջմարզային երթուղին: Տեսչական մարմինն այս տրանսպորտային միջոցներն էլ ստուգեց, ժամանակացույցի, ուղեվարձի խախտումներ չարձանագրեց:
Ավետիք Գևորգյան (Զվարթնոց-Երևան երթուղու վարորդ) - Աշխատում ենք ժամանակացույցով, ամեն 30 րոպեն մեկ շարժվում ենք և՛ այստեղից, և՛ վերևի ենթակայանից՝ «Երիտասարդական» մետրոյի մոտից, ուղևորների պակաս չկա: Հիմնականում մեր աշխատողներն են օդանավակայանի տարբեր ծառայությունների և մեր քաղաքի հյուրերը:
Արթուր Արաբաչյան - Երբ որ կանոնավոր երթուղին մրցույթով արտոնագրվում է, նա իրականացնում է սահմանված ուղեվարձով: Սկզբնակետից մինչև վերջնակետ թիվ 201 երթուղու ուղեվարձը սահմանված է 300 դրամ: Այսինքն՝ 300 դրամով օդանավակայանից թե՛ զբոսաշրջիկը, թե՛ քաղաքացիները կարող են օգտվել մինչև մետրո «Երիտասարդականի» հարակից տարածք:
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վստահեցնում են՝ մեկ ամիս հետո նորից «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքը կստուգեն և առանց լիցենզավորման մեքենաներ հայտնաբերելիս փաստը կարձանագրեն, վարչական արձանագրություն կկազմեն: